Թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը «անգութ հոգեկան հիվանդ է», ով մի անգամ պարծեցել է, որ կարող է սպանել թագավորության այն ժամանակվա կառավարիչ Աբդալլահ թագավորին եւ փոխարինել նրան իր հորով: Այս մասին ամերիկյան հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է սաուդյան հետախուզության նախկին բարձրաստիճան աշխատակից Սաադ Ալջաբրին, ով 2017 թվականի մայիսին փախել է Սաուդյան Արաբիայից եւ վտարանդի է Կանադայում։

Նրա խոսքով՝ 2018 թվականին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից հետո ինքը զգուշացվել է, որ մարդասպանների սաուդյան խումբը մեկնում է Կանադա՝ իրեն սպանելու։

Ալջաբրին ասել է, որ իրեն նախազգուշացրել են «չմոտենալ Կանադայում Սաուդյան Արաբիայի որեւէ առաքելության: «Չգնաս հյուպատոսություն։ Չգնաս դեսպանատուն»։ Երբ նա հարցրել է, թե ինչու, նրան պատասխանել են. «Նրանք անդամահատել են այդ տղային, սպանել են նրան։ Դու ցուցակի առաջին տեղում ես»:

Նա նաեւ պատմել է իր երկու կրտսեր երեխաների՝ Սառայի եւ Օմարի վիճակի մասին, որոնք ձերբակալվել են եւ գտնվում են Սաուդյան Արաբիայի բանտում, որպեսզի ստիպեն նրանց հորը վերադառնալ երկիր: «Ես պետք է խոսեմ։ Ես դիմում եմ ամերիկյան ժողովրդին եւ ամերիկյան վարչակազմին՝ խնդրելով օգնել ինձ ազատել երեխաներին եւ վերականգնել նրանց կյանքը»,- ասել է նա:

Ալջաբրին եղել է նախկին թագաժառանգ արքայազն եւ ներքին գործերի նախարար Մուհամմեդ բեն Նայեֆի մերձավոր խորհրդականը, ով գտնվում է Սաուդյան Արաբիայի բանտում եւ համարվում է արքայազն Մուհամմեդի պոտենցիալ քաղաքական մրցակիցը: «Ես սպասում եմ, որ մի օր ինձ կսպանեն, որովհետեւ այդ մարդը չի հանգստանա, մինչեւ ինձ մեռած չտեսնի»,- ասել է Ալջաբրին:

Ալջաբրին մեծ աջակցություն է վայելում ԱՄՆ-ում, որտեղ հետախուզության նախկին աշխատակիցները ասում են, որ սաուդցի գործընկերը օգնել է փրկել ամերիկացիների եւ սաուդցիների կյանքը ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի հարձակումներից հետո: