Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով Կիպրոսում է։ Այցը սկսվել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ հանդիպումով։ Ողջույնների փոխանակումից հետո տեղի է ունեցել զրույց հայ-կիպրական դարավոր բարեկամության, ընդհանուր անցյալի եւ պատմության տարբեր ժամանակաշրջաններում ցուցաբերված փոխօգնության մասին։

Ինչպես հայտնում էԱԺ մամուլի ծառայությունը, ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Կիպրոսը դեռեւս 1975 թվականին Եվրոպայում առաջինը, աշխարհում երկրորդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր է սահմանել, ինչպես նաեւ` պատասխանատվություն  ցեղասպանությունների ժխտման համար:

Առանձնահատուկ շեշտվել է բարեկամ երկրների օրենսդիր մարմինների համագործակցության գերազանց մակարդակը՝ նախանշելով հեռանկարային ծրագրերը:

Կողմերը խորհրդարաններում գործող համագործակցության հանձնաժողովների ձեւաչափը համարել են  միջխորհրդարանական օրակարգն առավել ընդլայնելու լավագույն մեխանիզմ: ԱԺ նախագահը բարձր է գնահատել երկու երկրների պատգամավորների օրինակելի փոխգործակցությունը տարբեր խորհրդարանական վեհաժողովներում՝ միմյանց համար կարեւոր հարցերի բարենպաստ լուծմանը հասնելու նպատակով:

ՀՀ խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել բարեկամ Կիպրոսին 2020թ. հոկտեմբերի 9-ին Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի կողմից Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձեւի միաձայն ընդունման համար: Նա նաեւ երախտագիտություն է հայտնել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահին՝ հայազգի պատգամավոր Վարդգես Մահդեսյանի նախաձեռնությամբ 44-օրյա պատերազմի մասնակիցներին խորհրդարանում ընդունելու համար: Ալեն Սիմոնյանը  դատապարտելի է համարել 2021թ. հուլիսին Ադրբեջանի Միլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների եւ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովի գլխավորած պատվիրակության այցը Կիպրոսի հյուսիսային հատված՝ թուրքական կողմից կղզու մասնակի գրավման 47-ամյակի միջոցառումներին մասնակցելու նպատակով:

ՀՀ օրենսդիր մարմնի նախագահը վերահաստատել է Հայաստանի լիակատար աջակցությունը Կիպրոսի Հանրապետությանը եւ նրա ժողովրդին՝ հանուն արդարության վերականգնման եւ եղբայրական Կիպրոսի վերամիավորման:

Կողմերը Կիպրոս-Հայաստան-Հունաստան խորհրդարանական համագործակցության ձեւաչափի մեկնարկն առաջնահերթություն են դիտարկել՝ փաստելով, որ լայն հնարավորություններ են ստեղծվելու փոխադարձ հետաքրքրության բազմաթիվ ոլորտների զարգացման համար:

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը հավաստիացրել է, որ իր կողմից բոլոր ջանքերը ներդրվելու են հայ-կիպրական միջխորհրդարանական կապերն ամրապնդելու ուղղությամբ: Նա վստահություն է հայտնել, որ ՀՀ ԱԺ նախագահի այցը կարեւոր ներդրում է փոխադարձ հանձնառությունների բարձրաձայնման եւ համատեղ ծրագրերի մշակման համար:

ՀՀ ԱԺ նախագահը կիպրոսցի գործընկերոջը հրավիրել է պաշտոնական այցով ժամանել Հայաստան:

Հանդիպումը եզրափակվել է մամուլի համար երկկողմանի հայտարարությունների հրապարակմամբ:

Պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի եւ Կիպրոսի խորհրդարանների նախագահներն այցելել են նաեւ հրադադարի գիծ: