Հաջորդ սերնդի միջուկային ռեակտորները մատչելի ճանապարհ են առաջարկում երկրի էներգաօգտագործման կառուցվածքում հանածո վառելիքից հրաժարվելու եւ մինչեւ 2050 թվականը ածխածնի չեզոքության նպատակը հասանելի դարձնելու համար: Այս մասին հայտարարել է ֆրանսիական RTE ցանցային օպերատորը, փոխանցում է Reuters-ը։

«Նոր միջուկային ռեակտորների կառուցումը տնտեսապես նպատակահարմար է, հատկապես այն պատճառով, որ այն թույլ է տալիս 2050 թվականին մոտ 40 գիգավատ հզորությամբ պարկ պահել»,- ասվում է RTE-ի զեկույցում, որն էլեկտրաէներգիայի պահանջարկի ակնկալվող աճը բավարարելու տարբեր ուղիներ է ուսումնասիրում:

Le Figaro-ն անցյալ շաբաթ հայտնել էր, որ նախագահ Էմանուել Մակրոնը ցանկանում է մինչեւ տարեվերջ հայտարարել վեց նոր EPR միջուկային ռեակտորների կառուցման մասին։

Առանց միջուկային ռեակտորների ածխածնային չեզոք նպատակների հասնելը կպահանջի էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման մասշտաբների ավելի արագ մեծացում, քան Եվրոպայի ամենադինամիկ էլեկտրական խառնուրդները, նշել է RTE-ն:

Ֆրանսիան եւ մի քանի եվրոպական այլ երկրներ պնդում են, որ միջուկային էներգիան Եվրամիության կայուն ֆինանսավորման ապագա կանոններում նշվի որպես «կանաչ» ներդրում:

Ըստ RTE-ի՝ ածխածնային չեզոք նպատակներին հասնելը «անհնար» կլինի առանց էներգիայի վերականգնվող աղբյուրների զգալի զարգացման։

Մատակարարման այլ տարբերակները ներառում են երկրների միջեւ լրացուցիչ փոխկապակցման զարգացում, վերականգնվող էներգիայի պահպանման համար հիդրոմարտկոցների ընդլայնում եւ մարտկոցների տեղակայում:

Ըստ օպերատորի, նոր ջերմաէլեկտրակայանները, որոնք օգտագործում են առանց ածխածնի գազեր, օրինակ՝ «կանաչ ջրածին», որը արտադրվում է էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործմամբ, կարող են օգտագործվել նաեւ սպառման աճի կանխատեսումների բավարարման համար:

RTE-ն հայտարարել է, թե ներկայիս էներգետիկ ճգնաժամը ցույց է տալիս, որ Եվրոպայի կախվածությունը ածխաջրածիններից, ինչպիսիք են գազը եւ ածուխը, պահանջում է տնտեսական ծախսեր, եւ որ երկրում ածխածնի ցածր արտադրությունը էներգետիկ անկախության հարց է:

RTE-ի տվյալներով՝ Ֆրանսիան ներկայումս ունի մոտ 62,4 ԳՎտ միջուկային գեներացնող հզորություն, որն ապահովում են 57 ռեակտորներ: