Բարսելոնայի թիվ 1 քննչական դատարանը Կատալոնիայի անկախության շարժման ապօրինի ֆինանսավորման հետաքննության ընթացքում ապացույցներ է հայտնաբերել, որ Ռուսաստանում դատապարտված քրեական հեղինակություն Զախարի Կալաշովը (Շաքրո Մոլոդոյ) կարող է կաշառած լինել իսպանական դատարանին պատիժը մեղմացնելու համար, հայտնել է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Confindencial թերթին։

Քննչական դատարանը քննել է կատալոնական գեներալիտետի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի աջ ձեռքի՝ Ժոսեպ Լուիս Ալայայի (Ալային կասկածում են պետական ​​միջոցները անօրինական կերպով յուրացնելու մեջ) եւ Պուչդեմոնի փաստաբան Գոնսալո Բոյեի նամակագրությունը։ Դրանում ի հայտ են եկել Կալաշովի եւ կրիմինալ աշխարհի առաջնորդ Վասիլի Խրիստոֆորովի անունները։

Նամակագրությունը 2020 թվականի օգոստոսի է։ Բոյեն Ալայային տեղեկացնում է, որ Կալաշովը, ով 2006 թվականին ձերբակալվել էր ԱՄԷ-ում եւ արտահանձնվել Իսպանիա, որտեղ նրան մեղադրում էին փողերի լվացման մեջ, իր փաստաբան Խավիեր Գոմես դե Լիանոյի միջոցով կաշառքի դիմաց պատժաչափի կրճատման է հասել։

«Գոմես դե Լիանոյի միջոցով եւ շատ գումար վճարելով հասանք նրան, որ դատավճիռը կիսով չափ կրճատվեց, ուստի նա ազատության մեջ մնաց, մինչ վիճարկում էին… այդպիսին է եղել գործարքը: Մի քանի շաբաթ անց արտահանձնման նոր հարցում ստացվեց, եւ նա կրկին ձերբակալվեց ու ի վերջո արտահանձնվեց. այնպես որ Կալաշովը սխալվեց, Գոմես դե Լիանոն եւ նրա գործընկերը շատ գումար ստացան եւ ազատվեցին նրանից», - ասվում է Բոյեի հաղորդագրության մեջ, որը հրապարակել է Confindencial-ը:

Փաստաբան Գոմես դե Լիանոն հրատարակությանը հայտնել է, որ ինքը հաճախորդի շահերից ելնելով ոչ մի անօրինական գործողություն չի կատարել, եւ Գոնսալո Բոյեի մեղադրանքները անվանել է «կեղծ մեղադրանքներ»:

2005 թվականի հունիսին իսպանական հատուկ ծառայությունները իրականացրել են «Օսա» գործողությունը, որի արդյունքում կալանավորվել են այսպես կոչված «ռուսական մաֆիայի» մի քանի տասնյակ մարդկիկ։ Ընդհանուր առմամբ, մոտ 30 մարդ բերման է ենթարկվել Բարսելոնայում, Ալիկանտեում եւ Մալագայում: Կալաշովին հաջողվել է փախչել, նա կալանավորվել է 2006 թվականի մայիսին ԱՄԷ-ում եւ արտահանձնվել Իսպանիա։

2010 թվականին Մադրիդի դատարանը Կալաշովին դատապարտել է 7.5 տարվա ազատազրկման եւ 20 միլիոն եվրո տուգանքի, այնուհետեւ ազատազրկումը հասցվել 9 տարվա:

2014 թվականին Շաքրո Մոլոդոյը վերադարձել է Ռուսաստան, որտեղ 2018 թվականին շորթման գործով դատապարտվել է գրեթե 10 տարվա ազատազրկման։ Բացի Ռուսաստանից, Կալաշովի արտահանձնումը պահանջել է Վրաստանը, որտեղ դատարանը 2006 թվականին թբիլիսցուն հեռակա դատապարտել է 18 տարվա ազատազրկման՝ սպանության համար։