Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը լրացուցիչ տեղեկատվություն է տրամադրել ավիաթռիչքների միջազգային նոր քաղաքականության իրականացման մասին, ըստ որի՝ ԱՄՆ կարող են մուտք գործել միայն այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք անցել են COVID-19-ի դեմ պատվաստման ամբողջական կուրսը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Նոյեմբերի 8-ից ոչ ներգաղթային վիզաներով ԱՄՆ ժամանող բոլոր օտարերկրացիները պետք է ինքնաթիռ նստելուց առաջ պատվաստման վկայական ներկայացնեն։ Չպատվաստված ճանապարհորդները՝ ԱՄՆ քաղաքացիները, կացության թույլտվություն ունեցողները եւ որոշ օտարերկրյա քաղաքացիներ, ովքեր իրավունք ունեն առանց պատվաստումների մուտք գործել երկիր, այժմ պետք է մեկնելուց 24 ժամ առաջ կորոնավիրուսի թեստ հանձնեն։

Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, նոյեմբերի 8-ից ամբողջությամբ պատվաստված օտարերկրյա քաղաքացիները նաեւ առանց հարգելի պատճառի, այդ թվում՝ զբոսաշրջության նպատակով, կարող են հատել հյուսիսային եւ հարավարեւմտյան ցամաքային սահմանները։

Հիվանդությունների վերահսկման եւ կանխման կենտրոնների (FDA) որոշման համաձայն՝ ԱՄՆ թույլ կտան մուտք գործել այն ճանապարհորդներին, որոնք պատվաստվել են FDA-ի կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված պատվաստանյութերով:

Մինչեւ 18 տարեկան երեխաների վրա պատվաստման նոր պահանջները չեն տարածվում, սակայն 2-17 տարեկան երեխաները պետք է թեստ անցնեն նախքան մեկնելը:

Բացառությունների ցուցակում ներառված են նաեւ COVID-19-ի դեմ մի շարք պատվաստանյութերի կլինիկական փորձարկումների մասնակիցները, նաեւ՝ այն անձինք, որոնց պատվաստումը հակացուցված է բժշկական պատճառներով, նաեւ՝ արտակարգ կամ հումանիտար պատճառներով ԱՄՆ ժամանողները, նաեւ՝ ոչ տուրիստական վիզա ունեցող ճանապարհորդներն այն երկրներից, որտեղ պատվաստանյութի հասանելիությունը սահմանափակ է:

Ներդրվում է նաեւ շփումների հետագծման համակարգ, որը թույլ կտա բացահայտել ճանապարհորդներին, ովքեր կարող են վարակված լինել վիրուսով կամ շփվել վարակվածների հետ։