Ջեֆ Բեզոսի Blue Origin ընկերությունը հայտարարել է տիեզերակայան գործարկելու մտադրության մասին, որը կարող է տեղավորել մինչեւ 10 մարդու։

Orbital Reef-ը, որը նկարագրվում է որպես տիեզերքում բազմաֆունկցիոնալ բիզնես-պարկ, որը կաջակցի միկրոգրավիտացիայի ոլորտում հետազոտություններին եւ արտադրությանը, համատեղ ձեռնարկություն է՝ Sierra Space կոմերցիոն տիեզերական ընկերությամբ, եւ օգտվում է Boeing-ի ու Արիզոնա նահանգի համալսարանի աջակցությունից:

«Ավելի քան վաթսուն տարի ՆԱՍԱ-ն եւ այլ տիեզերական գործակալություններ մշակել են ուղեծրային տիեզերական թռիչքներ եւ տիեզերական կացարաններ, ինչը մեզ հնարավորություն է տվել այս տասնամյակում առեւտրային բիզնես սկսել»,- ասում է Blue Origin-ի գործադիր տնօրեն Բրենտ Շերվուդը: «Մենք կընդլայնենք հասանելիությունը, կնվազեցնենք ծախսերը եւ կտրամադրենք բոլոր ծառայություններն ու հարմարությունները, որոնք անհրաժեշտ են տիեզերական թռիչքների նորմալացման համար»:

Անցյալ շաբաթ տիեզերական ծառայություններ մատուցող Nanoracks ընկերությունը՝ Voyager Space-ի եւ Lockheed Martin-ի հետ համատեղ, հայտարարել է տիեզերական կայանի գործարկման մասին, որը կգործի մինչեւ 2027 թվականը եւ հայտնի կդառնա որպես Starlab:

Ըստ Blue Origin-ի՝ Orbital Reef-ը կթռչի 500 կիլոմետր բարձրությամբ՝ ՄՏԿ-ից մի քիչ վերեւ, եւ նրա բնակիչները կդիտարկեն օրական 32 արեւածագ ու մայրամուտ: