Այս օրենքի նախագիծը մի ճշգրիտ խորհուրդ կարող է ունենալ՝  իսկապես պետք է շատ աշխատել. այնպես չէ, որ հայ ժողովուրդն աշխատասեր ժողովուրդ չէ, պետք է հիմա նոր իրենց նման ազդակ տալ. Բնավ այդպես չէ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ-ում «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Հայ ժողովուրդն առավել քան աշխատասեր է,այլ հարց է, որ պետական և քաղաքական պաշտոնյաները պետք է շատ ավելի շատ աշխատեն: Երբ հանձնաժողովի նիստում այս հարցը քննարկում էինք, իմ առաջարկներից մեկը հետեւյալն էր, որ որոշակի անցումային շրջան նախատեսեինք: Սկզբում թող վարչապետի, փոխվարչապետների, նախարարների, փոխնախարարների համար օրենքը մտնի ուժի մեջ անմիջապես, բայց ամբողջ հայ հասարակության համար նման հրատապության նպատակահարմարությունը իսկապես տեղին չէ»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենց խմբակցության առաջարկությունը հետեւյալն է՝ հունվարի 2-ը և հունվարի 7-ը ևս լինի ոչ աշխատանքային:

«Զեկուցող էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը չանդրադարձավ, բայց պետք է լիներ անդրադարձ, որ ԱԺ աշխատակազմը հիմնավորում է  ներկայացրել՝, ասում է՝ այս նախագիծը չի  համապատասխանում Նորմատիվ իրավական ակտերի մասին  օրենքին, քանի որ այստեղ մենակ գրված է ինչ-որ  տնտեսական ակտիվության ցուցանիշ, բայց որևէ այլ տվյալներ ներկայացված չեն»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը: