Սրիկայությունը շատ օրինակներով կարելի է ասել, բայց Արցախն ուրացողը դավաճան է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Դա դավաճանություն է, ոնց որ քիչ առաջ ելույթ ունեցողը վերջերս լրատվամիջոցների առաջ էր Արցախն ուրացել»,-ասաց նա:

Սրան արձագանքեց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը. «Ներողություն, պարոն Մանուկյան, էստեղ կան էթիկայի կանոններ, չխախտեք: Դուք հենց նոր ինչ-որ մեկին մեղադրում էինք Արցախն ուրանալու մեջ, անուն տվեք»:

Գեղամ Մանուկյանն արձագանքեց, որ բառացի կբերի ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի խոսքը, դրանից հետո կխոսեն:

«Այսինքն դուք Վիգեն Խաչատրյանին դավաճա՞ն եք անվանում: Անջատեք Գեղամ Մանուկյանի խոսափողը: Զբաղեցրեք ձեր տեղը»,-ասաց Ռուբինյանը:

Գեղամ Մանուկյանը չէր իջնում ամբիոնից՝ հայտարարելով, որ ԱԺ փոխխոսնակն իրավունք չունի իրեն զրկել խոսքի իրավունքից:

Ռուբինյանը խնդրեց անվտանգության աշխատակիցներին Գեղամ Մանուկյանին հեռացնել ամբիոնի մոտից:

Անվտանգության աշխատակիցները բռնեցին պատգամավորի ձեռքերից եւ ուժ գործադրելով հեռացրին ամբիոնից: