Մեծ Բրիտանիայի բնակիչները մտավախություն ունեն, որ մատակարարումների խափանումների պատճառով Սուրբծննդյան տոներին առանց սննդի կմնան, եւ սկսել են նախօրոք գնել տոնական ուտեստների բաղադրիչները: Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով Kantar վերլուծական ընկերության տվյալները:

Հոկտեմբերի սկզբից սառեցված հնդկահավի վաճառքը գրեթե կրկնապատկվել է, թռչնամսի միջուկինը՝ 20 տոկոսով, իսկ կիսաֆաբրիկատներինը` ինը տոկոսով: Իր հերթին, բրիտանական Iceland սուպերմարկետների ցանցը, որը մասնագիտացած է սառեցված մթերքների վաճառքի գործում, հայտնել է հնդկահավի նկատմամբ պահանջարկի 400 տոկոս աճի մասին:

Վաճառքի աճի մասին հայտնել են նաեւ մյուս ընկերությունները: Ընդ որում, հնդկահավերի բրիտանական արտադրողները մոտ 20 տոկոսով կրճատել են մատակարարումներն աշխատողների սակավության պատճառով։ Մսամթերքի վերամշակողները նախազգուշացրել են նույն պատճառով իրենց արտադրանքի հնարավոր դեֆիցիտի մասին: Մտահոգությունները պահպանվում են նաեւ կենդանիների սպանդի մեջ օգտագործվող ածխաթթու գազի մատակարարման հետ կապված:

Ավելի վաղ՝ հոկտեմբերի սկզբին, բրիտանացիները դժգոհում էին սննդի եւ վառելիքի պակասից։ Ազգային վիճակագրական ծառայության հաշվետվության համաձայն՝ քաղաքացիների 23 տոկոսն ասել է, որ չի կարող սնունդ գնել, իսկ 15 ​​տոկոսը դժվարությամբ է վառելանյութ հայթայթել: Ընդ որում, 61 տոկոսը հայտնել է սպառողների սովորությունների փոփոխության մասին՝ խանութներում անհրաժեշտ ապրանքների բացակայության եւ դրանց փոխարինող գտնելու անհնարինության հետ կապված:

Ապրանքների արժեքի աճը եւ առաջարկի դեֆիցիտն առաջացել են մատակարարման համաշխարհային շղթայի խափանումների պատճառով: Կորոնավիրուսի բռնկման պատճառով տեղական լոքդաունները լոգիստիկ խնդիրներ են առաջացրել, որոնց հետեւանքները դեռեւս ազդում են բեռնափոխադրումների ոլորտի վրա։ Բրիտանիայում Brexit-ի պատճառով աշխատուժի պակասն ավելի է սրել ճգնաժամը: