Դատապարտյալը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ բողոքելով այն մասին, որ դիմում ներկայացնելուց հետո շուրջ 7 ամիս իր նկատմամբ բժշկասոցիալական փորձաքննություն չի իրականացվում։

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ բողոքի քննարկման ընթացքում արձանագրվել է, որ ոչ պատշաճ վարչարարության արդյունքում բողոք ներկայացրած անձը զրկվում է հաշմանդամություն ունեցող անձի համար սահմանված արտոնություններից:

Պաշտպանի աջակցությանը դիմած անձի իրավունքների պաշտպանության նպատակով քննարկումներ են տեղի ունեցել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, այդ թվում՝ ԲՍՓ գրասենյակի (ներկայում՝ Միասնական սոցիալական ծառայություն), ինչպես նաև ՔԿՀ ներկայացուցիչների հետ։

Համագործակցության արդյունքում դատապարտյալի նկատմամբ իրականացվել է փորձաքննություն հատուկ ընթացակարգով և սահմանվել է հաշմանդամության 3-րդ խումբ:

Քաղաքացին Պաշտպանի աշխատակազմ փոխանցել է, որ վերականգնվել է նաև հաշմանդամության թոշակի տրամադրումը: