ԱՄՆ-ի Ցինցինատիի դաշնային շրջանային դատարանը բավարարել է կենդանիների իրավունքների հայցը՝ բազմացած գետաձիերին, որենք նախկինում պատկանում էր նարկոբարոն Պաբլո Էսկոբարին, «դատավարության շահագրգիռ կողմեր» ճանաչելով, հաղորդում է Fox News-ը:

Կենդանիների իրավունքների պաշտպանները բողոքարկել էին Կոլումբիայի իշխանությունների՝ գետաձիերի զանգվածային ստերիլիզացման որոշման դեմ։ Այժմ դատարանի որոշման արդյունքում ոչ միայն մարդկանց, այլեւ կենդանիների շահերը կարող են պաշտպանել փաստաբանները։

Այնուամենայնիվ, նշվում է, որ ԱՄՆ դատարանի որոշումը Կոլումբիայում իրավական ուժ չի ունենա, որտեղ ապրում են գետաձիերը։

«Կոլումբիայում որոշումն ուժ չունի, քանի որ դատարանի իրավասությունը տարածվում է միայն Միացյալ Նահանգների տարածքի վրա։ Կոլումբիայի իշխանությունները, ոչ թե ամերիկյանները, կորոշեն, թե ինչ անել գետաձիերի հետ»,- ասել է դատաբժշկական պրոֆեսոր Կամիլո Բուրբանո Կիֆուենտեսը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ստերիլիզացված գետաձիերի նախնիներին անօրինական ճանապարհով տեղափոխել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի ռանչո, որտեղ դրանց որպես էկզոտիկ ընտանի կենդանիներ են պահել։ Հանցագործի մահից հետո իշխանությունները չափազանց ժամանակատար էին համարել գետաձիերին երկրի կենդանաբանական այգիներ տեղափոխելը` հուսալով, որ նրանք շուտով կմահանան։ Սակայն փոխարենը կենդանիները սկսել էին ակտիվորեն վերարտադրվել, ինչի արդյունքում 2021 թվականին որոշում կայացվեց ստերջացնել կենդանիներին, քանի որ դրանք սպառնում էին տեղի կենդանական աշխարհի կենսաբազմազանությանը եւ պոտենցիալ մահացու վտանգ էին ներկայացնում մարդկանց համար։