Պատերազմը կանգնեցվել է այն ժամանակ, երբ Գլխավոր շտաբը զեկուցել է, որ բանակն այլևս ներուժ չունի դիմադրելու։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

«Պատերազմի ընթացքում մի քանի անգամ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել, քննարկվել է, վարչապետը հարց ու պատասխան է արել։ Ի՞նչ եք կարծում՝ պետք է հանրաքվե անեինք՝ պատերազմը կանգնեցնե՞նք, թե՞ ոչ։ Ինչ պետք է արվեր, եթե մինչև վերջին վայրկյանը բանակը պայքարել է։ Բացատրվել է, թե ինչու այդ փաստաթուղթը ստորագրվեց, և ես չեմ պատկերացնում ՝ ինչպես պետք է քննարկվեր նոր ստորագրվեր։ Երբ Գլխավոր շտաբը զեկուցել է, որ բանակն այլևս ներուժ չունի դիմադրելու, կանգնեցվել է՝ փրկելու համար մյուս զինվորների կյանքը, մյուս բնակավայրերը։ Բանակները կռվում են, մենք էլ ասում ենք՝ գնում ենք խորհրդակցելու ժողովրդի հետ, այդ դեպքում ինչ վիճակում կհայտնվի մեր բանակը, ինչպիսի լկտիությամբ առաջ կմղվի հակառակորդի բանակը»,- նշեց նա։

Վիգեն Խաչատրյանի խոսքով՝ այժմ ստեղծվում է կասկածամտության մթնոլորտ, որը միայն խանգարում է ընթացող աշխատանքներին։

«Կան ընթացիկ աշխատանք, քննարկումներ, պայմանավորվածություններ, աշխատում են մարդիկ։ Եթե ուզում են ակնարկել, որ Հայաստանի և մեր ժողովրդի շահերը կոտնահարվեն, ապա էժան շահարկումներ են։ Ներկայիս օրինական իշխանությունը մեկ նպատակ է հետապնդում՝ ապահովել Հայաստանի ժողովրդի և պետության շահերը»,- հավելեց Վիգեն Խաչատրյանը։