Հետպատերազմյան շրջանում ռազմական բյուջեի 11 տոկոս աճը բավականին ցածր ցուցանիշ է։ Այս մասին հոկտեմբերի 26-ին ԱԺ նիստին խորհրդարանական ժամին ասաց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգության հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը՝ մեկնաբանելով 2022 թվականի բյուջեի նախագիծը։

Ինչպես նշեց պատգամավորը, հաջորդ տարի պաշտպանության ոլորտին ուղղված ընդհանուր ծախսերը կկազմեն 345 մլրդ դրամ։

«Կառավարությունը չի շտապում բարեփոխել զինված ուժերը, ինչը շատ տարօրինակ է եւ թյուրիմացություն է առաջացնում։ Ենթադրվում է, որ բարեփոխումները պետք է հաստատվեին մինչեւ 2022 թվականի բյուջեի նախագիծը խորհրդարան ներկայացնելը։ Դա հնարավորություն կտար հայեցակարգային առաջնահերթություններ ներառել ռազմական բյուջեում»,- ասաց Աբրահամյանը։