Փակ գաղտնի քննարկում տեղի ունեցավ եւ վերլուծությունների ընթացքում մեր գործընկերները ներկայացրին նաեւ գաղտնի տեղեկություններ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ-ում «ՀՀ և Ադրբեջանի շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները»  թեմայով հրատապ փակ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Նա մի քանի եզրակցություններ արեց այս փակ նիստից՝ նշելով. «Առաջինն  այն է, որ մենք այստեղ հրավիրել էինք քաղաքական դեմքերի, այսինքն գերատեսչությունների առաջին դեմքերին, որոնք տիրապետում են քաղաքական, ռազմավարական, ռազմաքաղաքական եւ նաեւ իրավական հենքերին: Այս քննարկման ընթացքում շատ հարցերի պատասխաններ չստացանք, որոնք պետք է ուղղված լինեին պատերազմից հետո իրավիճակի գնահատմանը, դրա շրջանակում մեր պետության մեջ ռազմավարական վերանայմանը, նկատի ունեմ՝ ամբողջությամբ անվտանգության միջավայրի, հայ-ադրբեջանական շփման գծի իրավիճակի եւ ՀՀ-ի կողմից իրականացվող միջոցառումների գնահատումը:

Երկրորդ եզրակացություն այն է, որ որեւէ հենք չի եղել, որ հայկական զորքերը հետ քաշվեն այն դիրքերից, որտեղ պատերազմն ավարտվել է, հատկապես Սյունիքի եւ գեղարքունիքի հատվածում: Մեր եզրակացությունն այն է, որ դա իրականացվել է բանավոր պայմանավորվածության արդյունքում: Թե ում հետ պայմանավորվածության, թող իրենք գնահատեն եւ մեր հանրությանը ներկայացնեն:

Երրորդ, ժամանակին որոշում չի ընդունվել կարեւոր ռազմավարական կետերը, ճանապարհները, բարձունքները զբաղեցնելու համար այն շփման գծում, որը նախկինում  ԽՍՀՄ ժամանակ եղել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Այսինքն, պետք է արագ արվեր մոբիլիզացիա, որոշումներ ընդունեին, դիրքերը կահավորեին, բայց կատարվել է հակառակը: Օրինակ, Սյունիքի մարզում եղել են ՏԻՄ-երից ստորաբաժանումներ, որոնց ցուցում է տրվել հետ քաշվել իրենց դիրքերից:

Այս ամենը հաշվի առնելով՝ նախ պետք է բարձրացնել ՊՆ-ի եւ ԱԱԾ սահմանապահ զորքերի համատեղ փոխգործկցության մակարդակը, մեկը մյուսին փոխարինելու հնարավորությունը անհրաժեշտության դեպքում:

Իհարկե, դրա մյուս ենթակետն այն է, որ իրականում ոչ մի հենք չունենալով, առանց որեւէ հրամանի, իրավական հենքի Ադրբեջանի պարտադրմամբ այսօր սահմանագծում է տեղի ունենում»:

Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ ոչ մի վերլուծություն չի արվել, թե ինչու ադրբեջանցիները մխրճվեցին ՀՀ տարածք, ովքեր են մեղավորները, ինչ պատասխանատվություն են կրել, եւ ինչ քայլեր են արվում այդ դիրքերը վերականգնելու ուղղությամբ. «Իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի հռետորաբանությունը տանում  , որ Հայաստանը պետք է խաղաղության պայմանագիր ստորագրի, ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Սա մեզ համար մտահոգիչ է»:

Նա ընդգծեց, որ այս ամենին դիմակայելու համար պետք է դիմադրության շարժում սկսել, որպեսզի նախորդ տարվա նոյեմբերի 9-ի հայտարարության նման նոր հայտարարություն չլինի:

«Նմանատիպ հայտարարությունները պետք է նաեւ վավարեցում ստանան՝ թե ԱԺ-ում, եւ թե՛ համաձայնեցվի մեր ժողովրդի հետ: Նման միջոցառումներին կառույցների առաջին դեմքերը պետք է ներկա լինեն: Հայաստանում առկա մտավախություններով առաջնահերթ պետք է իշխանությունները մտահոգվեն եւ ճշգրիտ տեղեկություններ տրամադրելով՝ կանխեն դրանք»,- նկատեց Օհանյանը:

«Հայաստան» խմբակցության ղեկավարի խոսքով՝ Կապանի ճանապարհներին տիրող իրավիճակին եւ Փայլասարի խնդրին անդրադարձ կատարվել է, եւ մեկնաբանություններ տվել են պաշտոնյաները:

«Քանի որ աշխարհագրական առումով որոշակի գաղտնիություն կա, չէի ուզի դրա մասին խոսել: Իրենք ասում են, որ դիրքերի որեւէ փոփոխություն չի եղել: Նրանք հաստատեցին, որ ռուսական սահմանապահ ուժերի հենակետ է եղել մեր եւ ադրբեջանական ուժերի միջեւ, որն իրենց որոշմամբ դուրս է հանվել, եւ դիրքային փոփոխություն չի եղել: Ես նախկինում առաջարկել էի, որ ԱԺ-ի, կառավարության ու գերատեսչությունների ներգրավմամբ խառը հանձնաժողով ստեղծվի, գնանք, տեղում տեսնենք»,- նշեց Օհանյանը: