Եվրոպոլը հայտարարել է 150 կասկածյալի ձերբակալության մասին, այդ թվում՝ մի քանի հայտնի անձանց, ովքեր ներգրավված են եղել ինտերնետում ապօրինի ապրանքներ գնելու կամ վաճառելու մեջ՝ «մութ ցանցում» երբեւէ կատարված խոշորագույն գործողության շրջանակում, հայտնում է AFP-ն։

Dark HunTOR գործողության շնորհիվ հաջողվել է վերադարձնել միլիոնավոր եվրո՝ կանխիկ եւ բիթքոիններ, ինչպես նաեւ՝ թմրանյութեր եւ զենքեր: Այս տարվա սկզբին Գերմանիայի ոստիկանությունը փակել է դարքնեթի «աշխարհի ամենամեծ» շուկան: Dark HunTOR օպերացիային մասնակցել են Ավստրալիայից, Բուլղարիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Նիդեռլանդներից, Շվեյցարիայից, Միացյալ Թագավորությունից եւ Միացյալ Նահանգներից իրավապահներ:

Միայն ԱՄՆ-ում ոստիկանությունը ձերբակալել է 65 մարդու, մինչդեռ 47-ը ձերբակալվել է Գերմանիայում, 24-ը՝ Մեծ Բրիտանիայում, 4-ական մարդ՝ Իտալիայում եւ Նիդեռլանդներում։

Ձերբակալվածներից ոմանք «համարվել են հատուկ կարեւոր թիրախներ»։

Գործակալները նաեւ առգրավել են 26,7 միլիոն եվրո կանխիկ եւ վիրտուալ արժույթ, ինչպես նաեւ 45 միավոր զենք եւ 234 կիլոգրամ թմրանյութ, այդ թվում՝ էքստազիի 25 000 հաբեր։ Իտալական ոստիկանությունը փակել է նաեւ DeepSea-ի եւ Berlusconi-ի շուկաները։

Գերմանական ոստիկանությունը հունվարին փակել է DarkMarket առցանց հարթակը, որը ենթադրյալ ավստրալական օպերատորն օգտագործել էր թմրանյութեր վաճառելու, վարկային քարտի մանրամասներ եւ վնասաբեր ծրագրեր գողանալու համար:

Եվրոպոլը հայտնել է, որ ենթադրյալ օպերատորի ձերբակալությունը, ում այն ժամանակ բռնել էին գերմանա-դանիական սահմանի մոտ, եւ հանցավոր ենթակառուցվածքի առգրավումը «աշխարհի քննիչներին մեծ քանակությամբ ապացույցներ են տվել»: Գերմանացի դատախազներն այն ժամանակ ասել էին, որ DarkMarket-ը հայտնի է դարձել Cyberbunker վեբ-հոսթինգի հանդեպ հետաքննության արդյունքում, որը տեղակայված էր հարավարեւմտյան Գերմանիայում ՆԱՏՕ-ի նախկին բունկերում: