ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հայտարարել է, որ «ղեկավարությունում ճեղքը» խաթարում է գլոբալ տաքացման զսպման հարցով աշխարհի ջանքերը, հաղորդում է AP-ը։

Նրա խոսքով՝ ժամանակ է մնացել՝ կրճատելու համար ջերմոցային գազերի արտանետումները, հասնելու 2015թ․ Փարիզյան համաձայնության նպատակներին եւ կանխելու գլոբալ տաքացումը, որը կարող է վնաս հասցնել մոլորակին։ «Ժամերն անցնում են»,-ասել է նա՝ հավելելով, որ երկրների ղեկավարները դեռ կարող են հասնել շրջադարձային պահի։

Գուտերիշն իր զեկույցում եզրակացության է եկել, որ մինչեւ 2050 թվականը զրոյական արտանետումների հասնելու մասին տասնյակ երկրների վերջին հայտարարությունները կարող են սահմանափակել մինչեւ 2,2 աստիճան գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը։ 

ԱՄՆ-ն, Եվրամիությունը եւ տասնյակ երկրներ սահմանել են զրոյական արտանետումների նպատակ։ Այնուամենայնիվ, զեկույցում նշվում է, որ  այդ նպատակը դեռ մնում է անորոշ, եւ արտանետումների կրճատման հարցով ծանր աշխատանքների մեծ մասը տեղափոխվել է 2030 թվականից հետո։

Գուտերիշն ասել է, որ գիտնականները հստակ գիտակցում են կլիմայի փոփոխության փաստերը։ Նա հավելել է, որ այժմ առաջնորդները պետք է նույնքան հստակ լինեն իրենց գործողություններում։