Հայաստանում ամբողջովին պատվաստվածների թիվը կազմում է ընդամենը 7 տոկոսը։ Ընդ որում, մոտ 16 տոկոսը ստացել է գոնե մեկ դեղաչափ, ինչն իհարկե բավարար չէ ցանկալի արդյունքի հասնելու համար։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ նիստում խորհրդարանական ժամի ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։

«Վարակի դեմ պայքարելու եւ միլիոնավոր մարդկանց կյանքեր փրկելու համար համեմատաբար կարճ ժամանակահատվածում մշակվել են պատվաստանյութեր։ Պատվաստանյութը գիտական բացահայտում է, որը մարդկության պատմության մեջ ավելի շատ կյանքեր է փրկել, եւ դրան պետք է վերաբերվել հենց այդպես։ Եթե ինչ-որ մեկն այլ բան է ասում պատվաստանյութերի մասին, ապա իմացեք, որ կամ միտումնավոր կամ անգիտակցաբար խաբում են ձեզ»,-նշեց պատգամավորը։ Նա հիշեցրեց, որ պետությունն ամբողջությամբ ապահովում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի հասանելիությունը։

«Եվ այսօր, երբ պատվաստանյութերի քանակը շատ մեծ է, մենք իրական շանս ունենք՝ վերադառնալու նորմալ կյանք։ Պատվաստանյութը միակ զենքն է, որով կարելի է պայքարել կորոնավիրուսից մահերի եւ վարակման աճող դեպքերի դեմ»,-նշեց Թորոսյանը։