Գերհարուստ մարդկանց ոչ մեծ խումբը կարող էր օգնել լուծել սովի խնդիրն աշխարհում՝ ներդնելով սեփական կապիտալի ընդամենը մի փոքր մասը։ Այս մասին CNN-ի հարցազրույցում ասել է ՄԱԿ Համաշխարհային մթերային ծրագրի (ՀՄԾ) ղեկավար Դեւիդ Բիզլին։

«Միլիարդատերերը պետք է ակտիվանան հիմա, միաժամանակյա հիմքով»,- ասել է Դեւիդ Բիզլին՝ հատկապես հիշատակելով աշխարհի երկու ամենահարուստ մարդկանց՝ Ջեֆ Բեզոսին եւ Իլոն Մասկին։ «6 մլրդ դոլար 42 մլն մարդկանց օգնության համար, որոնք տառացիորեն կմահանան, եթե մենք այդ գումարը չստանանք։ Դա դժվար չէ»,- ավելացրել է նա։

Համաձայն Bloomberg-ի՝ Tesla-ի գլխավոր տնօրեն Մասկի կարողությունը կազմում է 289 մլրդ դոլար, իսկ դա նշանակում է, որ Բիզլին խնդրում է նվիրաբերել այդ կարողության ընդամենը 2 տոկոսը։ Ամերիկացի միլիարդատերերի կարողությունը գրեթե կրկնապատկվել է համավարակի սկզբից՝ հոկտեմբերին կազմելով 5,04 տրլն դոլար։

Մի քանի ճգնաժամերի «կատարյալ» փոթորիկը», ինչպիսին են կլիմայի փոփոխությունը եւ Covid-19-ի համավարակը, նշանակում է, որ շատ երկրներ «թակում են սովի դռները»,- նշել է Բիզլին։

Համաձայն ՀՄԾ հաշվետվության՝ Աֆղանստանի բնակչության կեսը՝ 22,8 մլն մարդ, սուր քաղցի խնդիր ունի։ Անզուսպ գործազրկությունը եւ լիկվիդայնության ճգնաժամը նշանակում է, որ երկիրը հումանիտար ճգնաժամի եզրին է, եւ մինչեւ հինգ տարեկան 3,2 մլն երեխա վտանգված է, ասվում է հաշվետվությունում։

Եթովպիայում, ՀՄԾ գնահատականներով, 5,2 մլն մարդ անհապաղ պարենային օգնության կարիք ունի Թիգրայ շրջանում, որտեղ վարչապետ Աբիյ Ահմեդը անցած տարվանից խոշոր հարձակում է իրականացնում Թիգրայի Ժողովրդաազատագրական ճակատի (ԺԱՃ) դեմ։ Այդ ժամանակվանից սպանվել են հազարավոր խաղաղ բնակիչներ, իսկ ավելի քան 2 մլն մարդ ստիպված է եղել լքել տները։

Մարդասիրական կազմակերպությունները, ինչպիսին է ՀՄԾ-ն, փորձում են ապրանքներ հասցնել շրջանի կարիքավորներին, ինչը խորացրել է ճգնաժամը։

«Ես չգիտեմ, թե որտեղից են նրանք ուտելիք ճարում»,- ասել է Բիզլին։ «Մենք կանխիկ դրամ չունենք այլեւս մեր մարդկանց վճարելու համար, մեր փողերը վերջանում են»։