Մեզ փախստականի կարգավիճակ չեն տալիս, քանի որ ինչ-որ մեկից վախենում են. ումի՞ց են վախենում. Ինձ թվում է՝ ռուս խաղաղապահներն են խանգարում, նրանք չեն թողնում մեզ փախստականի կարգավիճակ տալ։  Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, կառավարության դիմաց Արցախի օկուպացված տարածքներին բռնի տեղահանված բնակիչների բողոքի ակցիայի ժամանակ նշեց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը:

«Նրանք միջազգային կառույցներին հաշվետվություն են ներկայացնում, թե՝ մենք այստեղ ամեն ինչ շատ լավ պահում ենք, ժողովուրդը բողոք չունի։ Կառավարությունն էլ վախենում է ռուսներից, որպեսզի գործընթաց սկսի՝ մեզ փախստականի կարգավիճակ տա։ Ալիևն իր ժողովրդին 30 տարի փախստականի կարգավիճակ տվեց, սահմանին մոտ պահեց, դա էլ սարքեց իր համար հնարավորություն, որ դրսի ուժերին համոզի, որ պիտի այդ փախստականներին տեղավորելու համար էդ հողերը հետ բերի։ Մենք ուզում ենք փախստականի կարգավիճակ, որ մեր նաև կառավարության հարցերը հեշտացնենք, որովհետև միջազգային կազմակերպությունները փախստականներին փողեր են տալիս։ Եթե այս կառավարությունը ժողովրդի հարցերը չի լուծելու, ինչի՞ համար է մնում»,- ասաց նա։

Ըստ Լևոն Հայրյանի՝ պետք է նաև համակարգող խորհուրդ գործի, որ արցախցիներին աշխատանքի տեղավորելու հարցով կզբաղվի, որպեսզի մարդիկ օգնություն չխնդրեն։

«Մեր հակառակորդներն ասում են՝ Արցախ չկա, մեր իշխանությունները չեն ասում՝ կա։ Եթե չկա, ո՞ւր են տանում մարդանց, ինչո՞ւ են բնակարան կառուցում, ում համար են կառուցում։ Չլինի՞ էն մյուս ճանապարհների նման, որ կառուցել ենք ու թողել Ադրբեջանին, այդպես են ուզում անել։ Մեր կարգավիճակից հստակ չեն խոսում։ Ռուսը՝ որպես այստեղի հիմնական խաղացող, ասում է՝ Ղարաբաղը Ադրբեջան է, Հայաստանում ուզում են Արցախը չհայաթափվի, բայց թողնեն Ադրբեջանի կազմում։ Ո՞վ է այստեղ հավատում, որ Ադրբեջանի կազմում հայ է մնալու այնտեղ։ Հստակ ասել ենք՝ եթե Ղարաբաղը կարգավիճակ չունենա Հայաստանի կազմում, եթե անկախ կագավիճակ չունենա, Լևոն Տեր-Պետրոսյանն էր ասում՝ օգտվեք անջատում հանուն փրկության հնարավորությունից։ Բայց չեն ուզում օգտվել։ Այսօր ուզում են մարդկանց զոմբիացնելով համոզել, որ Ղարաբաղում հնարավոր է մարդիկ Ադրբեջանի հետ ապրեն։ Բայց մենք 400 տարի փորձել ենք, հերիք է։ Գլխավոր հարցը Ղարաբաղի կարգավիճակն է։ Արցախցիների վիճակն այսօր հեշտացնելու միակ քայլը միջազգային փախստականի կարգավիճակ տալն է։ Սա էլ չեն ուզում անել»,- նշեց Լևոն Հայրյանը։