Ռուսաստանը Աֆղանստանի հարեւան երկրներին կոչ է անում կանխել ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ուժերի ռազմական ներկայությունը իրենց տարածքում։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Աֆղանստանի հարեւան երկրների (Իրան, Չինաստան, Պակիստան, Ռուսաստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան) նախարարական հանդիպման մասնակիցներին ուղղված տեսաուղերձում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք եւս մեկ անգամ կոչ ենք անում Աֆղանստանի հարեւան երկրներին կանխել ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ուժերի ռազմական ներկայությունն իրենց տարածքում, որոնք ծրագրում են այնտեղ տեղափոխվել Աֆղանստանի տարածքը լքելուց հետո»,- ասել է նա։

Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Աֆղանստանին միշտ միայն որպես իր աշխարհաքաղաքական խնդիրների լուծման գործիք է վերաբերվել։ «Արեւմտյան երկրների՝ Աֆղանստանն ըստ իրենց օրինաչափությունների վերափոխելու համառ ցանկությունը տխուր հետեւանքների հանգեցրեց՝ ներքին թշնամանք եւ արյունահեղություն, հասարակության բեւեռացում, սոցիալ-տնտեսական փլուզում, հումանիտար աղետ: Դա նպաստեց միջազգային ահաբեկչական խմբավորումների՝ թմրանյութերի արտադրության եւ կոռուպցիայի ոլորտում չլսված սանձարձակությանը,- ասել է նա։- Չնայած ԱՄՆ-ում կամ արեւմտյան այլ մայրաքաղաքներում ու՞մ է դա հետաքրքրում։ Հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող Աֆղանստանը նրանց համար միշտ հարմար գործիք է եղել՝ իրենց եսասիրական աշխարհաքաղաքական խնդիրները իրագործելու համար»:

Լավրովը նշել է, որ այսօր Աֆղանստանը մի երկիր է, որին իրականում պետք է ամեն ինչ սկսել զրոյից, կառուցել ավերակներից՝ բառի ուղիղ եւ փոխաբերական իմաստով։ «Սա ԱՄՆ-ՆԱՏՕ պետականաշինության մոդելի երկու տասնամյակի պարտադրման բնական աղետալի արդյունքն է»,- ասել է  նախարարը։