Վատիկանը միշտ Հայաստանի կողքին է եղել։ Այս մասին Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ, արքեպիսկոպոս Էդգար Պենյա Պառայի գլխավորած պատվիրակության այցին նվիրված ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի համար կարեւոր է կոնֆլիկտի կարգավորման եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում Վատիկանի հետեւողական դիրքորոշումը։

Միրզոյանը հիշեցրեց, որ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի օրերին եւ դրանից հետո Վատիկանը հաղորդագրություններ տարածեց ու կոչեր արեց՝ ազատ արձակելու գերիներին, ինչը մեծ նշանակություն ունեցավ։

«Ադրբեջանը՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, գերության մեջ է պահում հայ գերիներին եւ պատանդներին»,-ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ հայկական կողմը խնդրում է Հռոմի Պապին իր աղոթքներով եւ հրապարակային կոչերով հիշել այդ մասին եւ շեշտել գերիների ազատման կարեւորությունը։ Նախարարը նաեւ նշեց, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայ ժողովրդի մշակութային եւ պատմական ժառանգությունը ոչնչացման եզրին է։ Այս առումով նա նշեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ Վատիկանի կողմից այս խնդրի նկատմամբ ուշադրության կարեւորությունը։

«Մշակութային ժառանգության նկատմամբ բարբարոսությունը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը, եւ անհրաժեշտ են միջոցներ»,-ասաց նախարարը։

Նա նաեւ նշեց հայ ժողովրդի երախտագիտությունը Վատիկանին՝ Հայոց ցեղասպանության՝ մարդկության դեմ այդ հանցանքի դապապարտման ուղերձների համար։ «Դրանք կարեւոր են նման հանցագործությունները կանխելու համար»,-նշեց Միրզոյանը։