Հայաստանում Վատիկանի Առաքելական նվիրակության բացումը Հայաստանի եւ ողջ միջազգային հանրության համար կդառնա կամուրջների կառուցման եւ տարածաշրջանում արդարացի խաղաղության ձեռքբերման նոր խորհրդանիշ։ Այս մասին ասաց Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ, արքեպիսկոպոս Էդգար Պենյա Պառան ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյնաի հետ ճեպազրույցում։

Նրա խոսքով՝ այցը եւ հանդիպումը հաստատում են գործընկերային հարաբերությունները Հայաստանի եւ Վատիկանի միջեւ։ Նա նշեց, որ բերել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ողջույնը։

Արքեպիսկոպոսը շնորհակալություն հայտնեց Հայաստանի  իշխանություններին եւ բոլորին, ովքեր մասնակցել են նվիրակության բացմանը այսքան կարճ ժամկետում։ «Դա հնարավոր դարձավ, որովհետեւ մենք հավատում էինք։ Ես հավատում եմ, որ Հայաստանում Վատիկանի Առաքելական նվիրակության բացումը Հայաստանի եւ ողջ միջազգային հանրության համար կդառնա կամուրջների կառուցման եւ տարածաշրջանում արդարացի խաղաղության ձեռքբերման նոր խորհրդանիշ»,- նշեց արքեպիսկոպոսը։

Նա հիշեցրեց, որ եկող տարի նշվելու է Հայաստանի եւ Վատիկանի միջեւ հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Նվիրակության բացումը կամրապնդի հարաբերությունները, ՀԱԵ եւ Վատիկանի կապը, հանրապետության կաթոլիկ համայնքը։ «Սա նաեւ Կաթոլիկ եկեղեցու հարգանքի վկայությունն է այս հողի հանդեպ, որտեղ ապրում է հնագույն ժողովրդի մի մասը, որն առաջինն է քրիստոնեություն ընդունել։ Հայտնի են Վատիկանի եւ Էջմիածնի միջեւ համագործակցությունը եւ բարեկամությունը։ Մենք պատրաստ ենք միասին աշխատել հայ ժողովրդի բարօրության եւ զարգացման համար»,- ընդգծեց արքեպիսկոպոսը՝ թվարկելով Կաթոլիկ եկեղեցու մասնակցությունը Հայաստանում իրականացվող տարբեր ծրագրերում։

Ամփոփելով՝ արքեպիսկոպոսը հաստատեց Վատիկանի օժանդակությունը Հայաստանի իշխանությունների քայլերին՝ ուղղված խաղաղության ձեռքբերմանը, զինաթափմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, մշակութային եւ մարդկային զարգացմանը, կրոնական ազատությանն ու շրջակա միջավայրի պաշտպանությանը։ «Ես աղոթք եմ բարձրացնում, որպեսզի ողջ ժողովուրդը ապրի շարունակական խաղաղության մեջ եւ օգտվի սոցիալական առաջընթացից՝ շարունակելով դարեդար, սերնդեսերունդ փոխանցվող քրիստոնեական ավանդույթները»,- ասաց արքեպիսկոպոսը։