Սույն թվականի հոկտեմբերի 28-29-ը Երևանում կանցկացվի ԱՊՀ երկրների բույսերի կարանտինի համակարգող խորհրդի նիստը։

ՍԱՏՄ-ից NEWS.am-ին հայտնում են, որ միստին մասնակցելու են ԱՊՀ անդամ երկրների բուսասանիտարական ծառայությունների ղեկավարները, ԱՊՀ գործադիր կոմիտեի, ԵԱՏՀ-ի, ՌԴ գյուղատնտեսության նախարարության, ՌԴ դաշնային մաքսային ծառայության և ՌԴ բույսերի կարանտինի գիտահետազոտական կենտրոնի ներկայացուցիչները։

Խորհրդի անդամ երկրների պատասխանատուները կներկայացնեն կարանտին-բուսասանիտարական վիճակը իրենց երկրներում, վարակված տարածքները, առկա վնասակար օրգանիզմները, տարածվածությունը և դրանց դեմ պայքարի միջոցառումները։

Քննարկվելու են նաև ԱՊՀ անդամ երկրների միջև բուսական ծագման մթերքների ներմուծման և արտահանման հետ կապված խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։ Այդ կապակցությամբ՝ զեկույցով հանդես կգա ՌԴ դաշնային մաքսային ծառայության ներկայացուցիչը։

Նիստին կմասնակցի նաև ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) գյուղատնտեսության հարցերով մասնագետը, կներկայացնի բուսասանիտարիայի ոլորտում միջազգային փորձը։

ԱՊՀ երկրների բույսերի կարանտինի համակարգող խորհրդի նիստի աշխատանքների կազմակերպման հարցում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին աջակցել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը:

Նիստի մեկնարկը՝ 28.10.2021թ. ժամը 10:15, «Փարիզ» հյուրանոցում (Ամիրյան 4/6):