Ոստիկանության Կոտայքի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ հոկտեմբերի 23-ին Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանում բնակարանային գողություն են արել: Հանցագործության վերաբերյալ ո՛չ հաղորդում էր եղել, ո՛չ ահազանգ;

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ տեղեկությունը ստուգելու և այլ մանրամասներ պարզելու ուղղությամբ Կոտայքի քրեական հետախույզները ձեռնարկեցին միջոցառումներ:

Տեղեկությունը հաստատվեց, նաև պարզվեց, որ 50-ամյա մի տղամարդ, օգտվելով բնակարանի մուտքի դռան չկողպված և տանտիրոջ քնած լինելու հանգամանքից, մտել և գողացել էր բջջային հեռախոս: Աբովյան քաղաքի բնակիչ, 50-ամյա տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանության Կոտայքի բաժին:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց գողացված հեռախոսը:

Տուժած տանտերը հրավիրվել է բաժին և փաստի կապակցությամբ տվել հաղորդում:

Նախապատրաստվում են նյութեր, դեպքի հանգամանքները պարզվում են: