Պատգամավոր Արմեն Չարչյանի առողջական վիճակի համար ուղիղ պատասխանատվություն է կրում նաեւ Առողջապահության նախարարը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27–ին, Աժ–ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։

«Դատարանի կողմից գրություն է հասցեագրվել Առողջապահության նախարարին, պարզելու Արմեն Չարչյանի  առողջական վիճակի համատեղելիությունը կալանքի հետ։ Նախարարը գրեթե մեկ ամիս է չի պատասխանել այդ գրությանը։ Մասնագիտական տեսանկյունից սա ոչ միայն խայտառակություն է, այլեւ լկտի վարքագիծ է պաշտոնի եւ կարգավիճակի նկատմամբ»,– ասաց Վարդեւանյանը՝ պնդելով, որ պատգամավոր Արմեն Չարչյանի առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի հետ։

«Տնից–տեղից հեռու, թող ոչ մեկի մոտ շաքարի աստիճանն այն աստիճանի բարձր չլինի, ինչքան պարոն Չարչյանի մոտ է։ Պարզ է, որ այդ վիճակը  անհամատեղելի է կալանքի հետ։ Առողջապահության նախարարն իմանալով, որ Չարչյանն էլ մեծ ավանդ ունի առողջապահության ոլորտում, էդ պայմաններում ոնց է անգործության մատնված»,– նկատեց պատգամավորը։ 

«Հայաստան» խմբակցությունը պնդում է, որ իրենց գործընկերոջ նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ «Ինչ  է՝ անձն ընդդիմադիր դիրքերից է հանդես եկել, պե՞տք է ամեն ձեւ կալանքի տակ պահեն։ Բացի այդ նա պատգամավոր է, դուք տեսե՞լ եք ԱԺ–ում նիստ լիներ, որտեղ կքննարկվեր նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցը,  ոչ, չեք տեսել, այս վիճակը խայտառակություն է»,– ասաց Վարդեւանյանը՝ հավելելով, որ պատգամավորական կարգավիճակի եւ պատգամավորի անձեռնմխելիությունը խախտելու վերաբերյալ ՍԴ–ում մուտքագրված դիմումը կքննվի դեկտեմբերի 6–ին։

Նշենք, որ օգոստոսի 23–ին, Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր դատախազության բողոքը եւ Արմեն Չարչյանին կալանավորելու որոշում կայացրել։  «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը մեղադրվում է խորհրդարանական ընտրություններին իր աշխատակիցներին քվեարկությանը մասնակցելուն հարկադրելու համար։