Պատգամավոր․ Բաքուն եւ Անկարան «Զանգեզուրի միջանցքի» հարցում լուրջ ճնշում են գործադրում Հայաստանի վրա։ Էրդողանի երեկվա հայտարարության մեջ հստակ արտացոլված են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախապայմանները, առաջին հերթին, դրանք վերաբերում են «Զանգեզուրի միջանցքին»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ որքան էլ ՀՀ իշխանությունները թաքցնեն, ակնհայտ է, որ Բաքուն եւ Անկարան լուրջ ճնշում են գործադրում՝ նման կարգավիճակի հասնելու համար (հաղորդակցության համար-խմբ․)։

Նա ցավով նշեց, որ հետպատերազմյա շրջանում Թուրքիան եւ Ադրբեջանը փորձում են հնարավորություններ ստեղծել Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար՝ նոր նախապայմաններ ստեղծելով։ «Ճնշումն ակնհայտ է․ այն գործադրվում է թե շփման գծում, թե քաղաքական հարթությունում։ Արցախի մի մասը գտնվում է հայկական հսկողության տակ, եւ դա ակնհայտորեն չի բավարարում Բաքվին։ Բաքուն փորձում է տարբեր գործընթացներով հասնել իր պահանջների փաստաթղթավորման։ Նման պայմաններում քննադատության են արժանի ՀՀ իշխանության որոշ ներկայացուցիչների հայտարարություններ այսպես կոչված անկլավների մասին։ Այդ բնակավայրերի հանձնումը ցանկացած պատրվակով անթույլատրելի է։ Սակայն չպետք է բացառել, որ գործընթացները կարող են ընթանալ այն հունով, որը մինչ այդ չէր հրապարակվում»,-հավելեց Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով՝  ներդրումների չափը, որն իրականացվում է Արցախի օկուպացված տարածքներում, Բաքուն ներկայացնում է չափազանցված տեսքով։ «Ներդրումներ են կատարվում զորամասերի կառուցման, հաղորդակցությունների անցկացման տեսքով, եւ ինչպես հույս ունի Ադրբեջանը, կշարունակվեն Նախիջեւանում Հայաստանի միջով»,-նշեց նա։

Աբրահամյանը քննադատեց նրանց, ովքեր պնդում են, որ Արցախում վերջին 30 տարում ծրագրեր չեն իրականացվել։ «Կարելի է հիշել Գորիս-Ստեփանակերտ եւ Քարվաճառ-Մարտակերտ-Ստեփանակերտ խոշոր ճանապարհային նախագծերը, բնակչության թվի մեծացման տարբեր ծրագրերի իրականացումը, գյուղատնտեսության զարգացումը եւ այլն»,-եզրափակեց նա։