Այդ հիմարություններին այլևս չեմ էլ ուզում անդրադառնալ, որովհետև բազմիցս արտահայտվել ենք և մեր պատմության մեջ շատ են եղել դեպքերը, երբ փորձ է արվում ողբերգական դեպքերը վերագրել տարբեր ուժերի և մարդկանց: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԱԺ-ի այգում Հոկտեմբերի 27-ի զոհերին նվիրված հուշարձանի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն՝ անդրադառնալով միջադեպի կազմակերպման մեջ տարբեր քաղաքական գործիչներին մեղադրելու փորձերին:

Նա ասաց՝ շատ ավելի կարևորում և ցանկանում է արձանագրել այն փաստը, որ Հոկտեմբերի 27-ի դեպքերը պետք է ամբողջությամբ վերլուծվի մեր պետականության տեսանկյունից, թե ի՞նչ անել, որ բացառել նման դեպքերը:

«Վստահաբար այն, ինչ այսօրվա քաղաքական իշխանությունն է անում, այն ճանապարհը չէ, շատ ավելի խորքային հարցեր կան, մեր պետականության շահերն հաշվի առնելու և բացառելու այն անձանց իշխանության գալը, որոնք այս կամ այն ձևով տարբեր օտարերկրյա՝ հատկապես թշնամի երկրների ազդեցության ներքո կարող են լինել:

Ներկայիս մարտահրավերները, Արցախի և Հայաստանի հետ կատարվողը վկայում է, որ ամենայն հավանականությամբ խորքային վերլուծության կարիք ունեն Հոկտեմբերի 27-ի և նման երևույթների օտարածին դրսևորումները»,- ասաց պատգամավորը:

Մինասյանը պատահական չհամարեց, որ բազմաթիվ վերլուծություններում Հոկտեմբերի 27-ի գործընթացում շոշափվում է Թուրքիայի կամ այլ երկրների հատուկ ծառայությունների դերակատարությունը, որոնք շատ ավելի լուրջ վերլուծություններ են պահանջում, քան ինչ-որ մի քանի արկածախնդիրների հայտարարությունները:

Նկատելով, որ Գագիկ Ջհանգիրյանը եղել է հոկտեմբերի 27-ի գործը քննող դատախազն, ունեցել է բոլոր լիազորությունները, երկրի վարչապետը Վազգեն Սարգսյանի եղբայրն է եղել, իսկ այսօրվա ԱԺ պաշտպանության և անվտանգությանն հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի այդ օրերի գործողությունները բոլորին են հայտնի՝ «Հայաստան»  խմբակցության քարտուղարը հարց հնչեցրեց, թե ի՞նչն էր խանգարում, որ նրանք ունենալով այդ բոլոր հնարավորությունները և եթե մեղսակից չեն անգործության մեջ, կարողանային հստակ պատասխան տալ հարցերին, թե ինչո՞ւ չեն բացահայտվել կազմակերպիչները, եթե նմանները կան:

«Սին և չհիմնավորված պնդումներ միշտ բերում են դավադրական տեսությունների ձևավորմանը»,-նկատեց պատգամավորը:

Արծվիկ Միանասյանն, անդրադառնալով հոկկտեմբերի 27-ի պատրվակով ԱԺ-ում անվտանգության աննախադեպ միջոցառումների իրականացմանը՝ նշեց, որ կատարվողը անվտանգության հետ կապ չունի և իշխանությունները անիմաստ բաներ են խոսում:

«Այս պահակազորի գործողությունները բոլորովին կապ չունեն նոր Հոկտեմբերի 27-ը կանխելու գործողություների հետ, շատ ավելի խորրքային խնդիրներ կան»,- պնդեց պատգամավորը և շեշտեց, որ անվտանգության ուժեղացումն անհասկանալի վախերի արդյունք է և ընդդիմադիրներին ճնշելու միջոց: