Հոնկոնգի տարածաշրջանային խորհրդարանը չորեքշաբթի ընդունել է ֆիլմերի գրաքննության ընթացակարգի մասին օրենքի նախագիծը, որը համապատասխանում է Ազգային անվտանգության օրենքի պահանջներին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով RTHK-ին։

Իրավական ակտը նախատեսում է «ազգային անվտանգության շահերին հակասող» ֆիլմերի ցուցադրումից հրաժարվելու հնարավորություն։ Այս կանոնակարգը խախտողներին սպառնում է մինչեւ երեք տարվա ազատազրկում եւ մինչեւ 1 միլիոն հոնկոնգյան դոլարի (128 000 դոլար) տուգանք։

Տեղական վարչակազմի գլխավոր քարտուղարը (գլխավոր նախարարը) իրավասու է չեղյալ համարել որոշակի ֆիլմեր ցուցադրելու նախկինում ձեռք բերված թույլտվությունը։ Սա նշանակում է, որ ավելի հին ֆիլմերը նույնպես կենթարկվեն օրենքի գործողությանը։ Դիտորդների կարծիքով՝ նորամուծությունը հիմնականում կվերաբերի 2019 թվականին Հոնկոնգում մոլեգնող զանգվածային հակակառավարական անկարգություններին նվիրված վավերագրական ֆիլմերին:

Առաջին անգամ ֆիլմերի գրաքննության այս կարգը ներկայացվել է հունիսին։ Ընդգծվում է, որ դրանք «կառուցվում են մի կողմից՝ անձնական իրավունքների եւ ազատությունների, մյուս կողմից՝ օրինական հանրային շահերի պաշտպանության միջեւ հավասարակշռության պահպանման վրա»։

2020 թվականի ամռանը Չինաստանի խորհրդարանն ընդունել է Հոնկոնգի Ազգային անվտանգության ապահովման մասին օրենքը։ Ինչպես հայտարարում են Պեկինում, այն ուղղված է ահաբեկչության, անջատողականության, պետական իշխանության խաթարման եւ օտար ուժերի հետ դավադրության դեմ պայքարին եւ որպես առավելագույն պատիժ նախատեսում է ցմահ ազատազրկում։ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ արեւմտյան այլ երկրներ քննադատել են նոր օրենքը եւ այն գնահատել են որպես Հոնկոնգի ինքնավարության խախտում: