Ադրբեջանը հետեւողականորեն «փաստեր» ու «ապացույցներ» է ներկայացնում, որ դարձել է «հայկական ագրեսիայի զոհ»։ Դա արվում է ի հեճուկս այն ամենի, ինչ տեսավ ողջ համաշխարհային հանրությունը, եւ որոշ համաշխարհային առաջնորդներ նույնիսկ փորձեցին խոսել Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային Թուրքիայի եւ վարձկանների մասնակցության մասին։ Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար կազմակերպում են օտարերկրյա դիվանագետների շրջագայություններ դեպի վերահսկվող տարածքներ՝ փորձելով համոզել, թե ինչպես են հայերը «ոչնչացրել ամեն ինչ»։ ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունները ոչ պակաս համառությամբ փորձում էին համոզել միջազգային կառույցներին կազմակերպել տարածքների անօրինական բնակեցում եւ զարգացում։ Այս անգամ ադրբեջանական քարոզչության զոհ է դարձել Ադրբեջանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի  ներկայացուցիչ Գվիդո Ամբրոզոն։

Կազմակերպել են նրա այցը Աղդամ, որտեղ ամբողջովին պահպանված մզկիթի մոտ պնդել են, թե «հայերը այն ավերել են»։ Չբավարարվելով Բաքվում «ռազմական ավարի պուրակով»՝ Ադրբեջանի իշխանությունները որոշել են իբր «հայկական հրթիռների» կողմից վնասված տներում թանգարաններ բացել։ Նման թանգարան է ծրագրվում բացել Տերտերում՝ Հիրոսիմայի հուշարձանի նմանությամբ։ Ինչպես պատմել է «վնասված» տան տերը, «իր ընտանիքն այդ օրը չի տուժել միայն այն պատճառով, որ կրակոցի ժամանակ դուրս է եկել բակ»։ «Բարեբախտաբար, մենք դուրս եկանք բակ, եւ որոշ ժամանակ անց տան վրա հրթիռ ընկավ։ Պետությունը մեզ համար նոր տուն կառուցեց, որն ավելի լավն է նախկինից։ Շնորհակալություն երկրի ղեկավարությանը»,-ասել է Իսմայիլովը ադրբեջանական ԶԼՄ-ների ռեպորտաժում։   

Տարօրինակ է․ սովորաբար հրթիռակոծության ժամանակ խորհուրդ է տրվում թաքնվել ապաստարանում, նկուղում, սակայն ոչ մի կերպ չփախչել բակ՝ ռիսկի դիմելով մահանալ բեկորներից ստացված վնասվածքից։ Սակայն, բնականաբար, այստեղ խոսքը բեմադրված «հրթիռակոծության» մասին է։ Այցելուների մոտ տպավորություն թողնելու համար մոտակայքում տեղադրվել են «հեռահար ռադիուսի գործողության 21 հրթիռների բեկորներ, որոնք արձակվել են Տերտերի ուղղությամբ, չպայթած զինամթերք, կենցաղային իրեր այլ տներից, լուսանկարներ։ Այդ վայրում կարելի է ծանոթանալ նաեւ ահաբեկչության քրոնոլոգիայի հետ, որն իրականացրել է Հայաստանը Ադրբեջանի դեմ Հայրենական պատերազմի ժամանակ»։ Ադրբեջանցի պաշտոնյաների երեւակայության թռիչքն իսկապես անսահման է։