Շաբաթներ առաջ երեք հարցում եմ ուղարկել 3 տարբեր նախարարությունների, երկուսն արագ պատասախանեցին, չպատասխանեց միայն ՊՆ-ն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԱԺ-ում կառավարության  հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

«Հիմա հարցս ստիպված բարձրաձայնում եմ ու հարցնում. նոյեմբերի 9-ից 350 օր է անցել, մեր հերոս զոհված տղերքի անունները, այն տղերքի, որոնք հուղարկավորված են, որոնց գտնվելու վայրը հարցականի տակ չէ, նրանց անունները չեն հրապարակվել, նրանց հուղարկավորվելու վայրերը չեն հրապարակվել: Հարց. ինչո՞ւ չեք հրապարակում անունները: Ես նրանց ծնողների անունից պահանջում եմ՝ մինչև նոյեմբերի 10-ը հրապարակեք, եթե չեք ցանկանում դուք հրապարակեք, ցուցակն ուղարկեք ինձ, ես տեղը կգտնեմ հրապարակելու»,- ասաց նա:

Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հայտարարեց, որ Զինվորների ապահովագրության հիմնադրամում ամբողջ ցուցակը հրապարակված է, բոլորի տվյալները կան,  խնդրեց ուսումնասիրել այդ տվյալները։

Գեղամ Նազարյանն արձագանքեց, որ այդ կայքի տեղը գիտի, դա այլ է, իր ասածը բոլորովին այլ է. «Ինչո՞ւ պաշտպանության նախարարությունն ինքը չի հրապարակում այդ ցուցակները։ Ես խնդրում եմ նաև այդ ցուցակում նշվի, թե նրանք որտեղից են զորակոչվել, որտեղ են հուղարկավորված, որպեսզի նաև վերջ տանք այն խոսակցություններին, որոնք, չգիտեմ ովքեր են տարածում, որ Արցախից մեկ հոգի անգամ չի զոհվել»,- ասաց պատգամավորը։

Ա. Կարապետյանը նշեց, որ կուսումնասիրեն այդ առաջարկը, որոշում կայացնելու դեպքում կհրապարկեն։