Եռակողմ աշխատանքային խումբը՝ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ, քննարկում է միայն նախկինում գործող ճանապարհների ապաշրջափակման հարցը։ Այս մասին հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին։

Նրա խոսքով՝ նոր ճանապարհների բացման հարց չի քննարկվում, քանի որ դա չի բխում այս տարվա հունվարի 11-ի համատեղ հայտարարությունից։

«Այժմ աշխատանքային խումբը քննարկում է նախկին ԽՍՀՄ հարավային սահմանի երկայնքով, մասնավորապես՝ Երեւանի, Նախիջեւանի եւ Մեղրիի միջեւ երկաթուղու բացումը, որը այնուհետեւ ձգվելու է արեւելք։ Նույն երթուղով ավտոճանապարհի կառուցում չի քննարկվում, քանի որ, կրկնում եմ, մենք գործում ենք բացառապես 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում, իսկ այնտեղ խոսվում է միայն նախկին կոմունիկացիաների վերականգնման մասին»,- պարզաբանել է Գրիգորյանը։

Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է փոխվարչապետը, ավտոճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ միասնական տեսլական չկա։

Նա պարզաբանել է նաեւ, որ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի ապաշրջափակման հարցը որեւէ կերպ չի քննարկվում։

«Երկաթուղիների դեպքում ավելի շատ առաջընթաց կա, քանի որ դրանց դեպքում հարցն ավելի հեշտ է»,- նկատել է Գրիգորյանը։