1984 թվականին «Էլմ փողոցի մղձավանջը» ֆիլմի թողարկման հետեւանքները դեռեւս իրենց արտացոլումն են գտնում այն իմաստով, որ Մեծ Բրիտանիայի համանուն փողոցներում բնակարանները վաճառվում են հսկայական զեղչերով: Դա պայմանավորված է ֆիլմի գլխավոր չարագործ Ֆրեդի Քրյուգերից մարդկանց վախով, գրում է The Guardian-ը։

Ֆիլմի թողարկումից տասնամյակներ անց Մեծ Բրիտանիայի Էլմ փողոցներում տները դեռեւս 42%-ով էժան են վաճառվում, քան երկրում միջին ցուցանիշն է:

Այսպիսով, գների ամենամեծ տարբերությունը նկատվել է Դուրհեմ կոմսությունում, որտեղ Էլմ փողոցում գտնվող տունն արժեցել է մոտ 31 000 ֆունտ սթեռլինգ, մինչդեռ հարեւան փողոցներում նմանատիպ տները վաճառվում են միջինը 105 000 ֆունտ սթեռլինգով:

Սնահավատության հետեւանքով շատ տուժած այլ շրջաններից է Բլեքբերնը՝ Լանքաշիրում, որտեղ երկրում միջին գնից տարբերությունը 67% է կազմել: Այնուհետեւ գալիս է Ուեյքֆիլդը՝ Արեւմտյան Յորքշիրում (62%), եւ Թրեդիրհիվը՝ Մերթիր Թեդվիլում (60%):

«Մենք գիտենք, որ գների վրա կարող են ազդել տարբեր պատճառներ, եւ այժմ Ֆրեդի Քրյուգերի գործոնը կարող է ավելացվել այս ցուցակին»,- ասել է հիփոթեքային վարկերի ավագ մենեջեր Բեն Մերիթը:

Միեւնույն ժամանակ, հատուկ Հելոուինի համար անցկացված հարցումը ցույց է տվել, որ բրիտանացիների մեծ մասը պատրաստ է շահավետ գործարք կնքել, նույնիսկ եթե իմանա, որ տանը իբր ուրվականներ կան։

Բացի այդ, օրիգինալ տունը, որում նկարահանվել է «Էլմ փողոցի մղձավանջը» ֆիլմը, վերջերս ԱՄՆ-ում վաճառքի է հանվել 3,25 միլիոն դոլարով։ Երեք ննջասենյակներով տունը գտնվում է Լոս Անջելեսում։ Եւ գնման հայտերն ընդունվում են մինչեւ Հելոուինի կեսգիշեր: