Ազգային վիճակագրական կոմիտեի եւ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տվյալները կորոնավիրուսից մահացության վերաբերյալ խիստ տարբեր են։ Այս մասին հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում կառավարության ժամին ասաց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Նրա խոսքով՝ Առողջապահության նախարարությունը պետք է կոնկրետ պարզաբանումներ տա այս հարցի վերաբերյալ։

«Հայաստանի առողջապահության նախարարությունը պետք է պարզաբանի, թե ինչու չի կարողանում ճշգրիտ տվյալներ հավաքել»,- հայտարարեց Թովմասյանը։

Ի պատասխան՝ հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ գերատեսչությունում ստեղծվել է հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի առկա տարակարծությունների պատճառները։

Նա հիշեցրեց նաեւ, որ տվյալների «Armed» էլեկտրոնային բազան ստեղծվել է անցյալ տարի, եւ որ հիվանդանոցները փուլ առ փուլ միացել են դրան։

«Պետք է հասկանալ, թե արդյո՞ք նրանք բաց են թողել որեւէ տվյալ: Բացի այդ, անհրաժեշտ է վերստուգել մահացածների թվի վերաբերյալ ԶԱԳՍ-երի տվյալները», - նշեց Ավանեսյանը։

Նշենք, որ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2020 թվականին կորոնավիրուսից մահացել է 3545 մարդ, իսկ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ 2828 մարդ։