Ինքնին հաղորդակցությունների ապաշրջափակումը չի նշանակում թուրքական կապիտալի էքսպանսիա դեպի Հայաստան։ Այնուամենայնիվ, նման ռիսկեր կան։ Այս մասին հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստում կառավարության ժամին ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Փոխվարչապետի կարծիքով՝ գլոբալացման պայմաններում տրանսպորտային ուղիների բացումը էքսպանսիայի հետ կապ չունի։

«Ժամանակակից աշխարհում կապիտալի տեղաշարժը կախված չէ ավտոմեքենաների երթեւեկությունից։ Բայց ռիսկեր միշտ էլ կան»,- նշեց Գրիգորյանը։

Սակայն փոխվարչապետը հրաժարվեց հրապարակայնորեն ներկայացնել այն միջոցները, որոնցով իշխանությունները պատրաստվում են զսպել հնարավոր ռիսկերը։

«Ամեն դեպքում, նման հարցեր քննարկելու առիթ դեռ կլինի։ Գործիքակազմը կա, եւ այն կկիրառվի: Սակայն, իմ կարծիքով, հիմա չարժե թվարկել մեխանիզմները»,- ասաց Գրիգորյանը։