Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի 200 մասնակիցների համար ծրագրավորման դասընթացներ են բացվել։ Այս նախագիծը շարունակություն կունենա։ Այս մասին հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստում կառավարության ժամին ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Դասընթացները, նրա խոսքով, կտեւեն երեքից վեց ամիս, ինչպես առկա, այնպես էլ առցանց ռեժիմով:

«Մասնակցության համար ներկայացվել է ավելի քան 160 հայտ։ Դասընթացներին արդեն մասնակցել է տասից ավելի մարդ։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը եւ Բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունների միությունը պայմանավորվածություն են ձեռք բերել ինչպես այս, այնպես էլ հետագա կուրսերի շրջանավարտներին աշխատանքի տեղավորելու վերաբերյալ։ Մասնավոր հատվածի հետ նման համագործակցությունը մենք ցանկանում ենք դնել ինստիտուցիոնալ հիմքի վրա։ Ավելին, մենք ցանկանում ենք հուշագրեր կնքել մնացած ոլորտային արհմիությունների եւ ձեռնարկությունների հետ»,- ասաց Մկրտչյանը։