«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ հաստատվել է, թե ովքեր են դեկտեմբերի 5-ին հանրապետությունում կայանալիք ՏԻՄ ընտրություններում գլխավորելու կուսակցության համամասնական ցուցակները:

Աբովյանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է Պավել Ցուգունյանը, որն այժմ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարն է: Նա 2019-2020թթ. զբաղեցրել է «Կոտայք» ՋՕԸ-ի տնօրենի պաշտոնը, 2018-2019 թթ. եղել է Կոտայքի մարզպետի տեղակալի օգնականը:

Հրազդանում կուսակցության համայնքապետի թեկնածուն է լինելու ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի որդին՝ Սեւակ Միքայելյանը՝ Հրազդանի գործող քաղաքապետը, որն այդ պաշտոնը զբաղեցնում է 2018թ-ի հոկտեմբերի 27-ից: Միքայելյանը նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Հրազդանի տարածքային կառույցի ղեկավարն է:

Գավառում իշխող կուսակցությունը համամասնական ցուցակի ղեկավարումը վստահել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանին, որը նախքան 7-րդ գումարման խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր դառնալը եղել է Գեղարքունիքի փոխմարզպետ:

Թալինում իշխող ուժի համայնքապետի թեկնածուն Տավրոս Սափեյանն է, համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել վարչապետի կողմից այս տարվա օգոստոսի 17-ին՝ նախկին համայնքապետ, ՀՀԿ-ական Սարգիս Արամյանի լիազորությունների ժամկետի ավարտով պայմանավորված: Թալինի համայնքապետի ներկա պաշտոնակատարը ՀԱԿ անդամներ, ազատամարտիկներ Ժորա եւ Մկրտիչ Սափեյանների եղբորորդին է: Վերջինները 2008թ. հունվարի 27-ին այն ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Թալինում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի գործով դատապարտվել էին համապատասխանաբար երկուսուկես եւ երկու տարվա ազատազրկման. Ժորա Սափեյանն 2008թ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի Թալինի նախընտրական շտաբի պետն էր, իսկ Մկրտիչ Սափեյան՝ ԵԿՄ Արագածոտնի կառույցի ղեկավարը: Սափեյան եղբայրներն ու նրանց եղբորորդի Տավրոս Սափեյանը ներգրավված են եղել 2019թ. նոյեմբերի 7-ին Քարակերտ գյուղի «Թալին» ՋՕԸ-ում տեղի ունեցած միջադեպում: Ըստ Քննչական կոմիտեի՝ 2019թ. նոյեմբերի 11-ի հաղորդագրության՝ Սափեյան 4 եղբայրները եւ Արագածոտնի մարզի եւս մեկ բնակիչ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, բռնություն գործադրելով,  հարվածներ են հասցրել Արագածավան գյուղի բնակչին, որի ընթացքում Սափեյան եղբայրներից մեկը հրազենից կրակոցներ է արձակել վերջինիս ուղղությամբ, որը, սակայն, չի դիպել նրան: Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել էր, որ եղբայրներից Տավրոս Սափեյանն է իր անվամբ հաշվառված «MAVERICK» մոդելի, 12 մմ տրամաչափի որսորդական հրացանից կրակոցներ արձակել:  Ավելի ուշ Տավրոս Սափեյանը ինքնակամ ներկայացել էր Արմավիրի մարզային քննչական վարչություն, հարցաքննվել, որից հետո ներգրավվել էր որպես կասկածյալ: Ըստ մամուլի այդ ժամանակվա հրապարակումների՝ Սափեյանները, ներխուժելով գրասենյակ, զենքի սպառնալիքով փորձել էին իրենց կրտսեր որդուն նշանակել ՋՕԸ պետի տեղակալ, որին էլ հետեւել էին վիճաբանությունն ու կրակոցները: Սափեյան եղբայրներից մեկն էլ այդ օրերին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ Անդրանիկ Սափեյանը նշանակվել էր «Թալին» ՋՕԸ-ի պետի տեղակալ, սակայն պետը և իր համախոհները ասել էին, թե Սափեյաններից ՋՕԸ-ում ոչ ոք չպետք է աշխատի, ճանապարհը փակել էին, եւ եղել էր վիճաբանություն:

Ապարանում իշխող կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է Էդգար Փարվանյանը: Նա «Ապարան գրուպ» ընկերության տնօրենն է, 2016թ. մասնակցել է համայնքի ղեկավարի ընտրություններին, բայց այդ ժամանակ հաղթանակ էր տարել ՀՀԿ-ական Գոռ Աբրահամյանը:

Մասիսում համայնքապետի թեկնածուն լինելու է Սայեն Հայրապետյանը (Մասիսի Սայադ): Նա ԵԿՄ Մասիսի տարածքային կառույցի ղեկավարն է, 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է որպես պատգամավորության թեկնածու ԲՀԿ-ի ընտրացուցակով:

Արտաշատում կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է  Կառլեն Մկրտչյանը, որն այժմ Արտաշատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է, այդ պաշտոնում վարչապետի որոշմամբ նշանակվել է այս տարվա հոկտեմբերի 7-ին՝ 2017թ-ից համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Կարեն Բենիամինյանի կողմից լիազորությունները վայր դնելու հիմքով: Կառլեն Մկրտչյանը նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արտաշատի տարածքային կառույցի ղեկավարն է: Ավելի վաղ  նա «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերության տնօրենի Ժամանակավոր պաշտոնակատարն էր:

Արարատում համայնքի ղեկավարի պաշտոնին իշխանական կուսակցությունից կհավակնի համայնքապետի ներկա պաշտոնակատար Ասլան Ավետիսյանը, որն այդ պաշտոնում վարչապետի որոշմամբ նշանակվել է հոկտեմբերի 15-ին: 8 տարի առաջ ծառից կախված վիճակում հայտնաբերված, Արարատ քաղաքի բնակիչ 65-ամյա Գյանջիրով Հովհանյանին ինքնասպանության հասցնելու հատկանիշներով մեղադրանք էր առաջադրվել այժմ Արարատի համայնքապետի պաշտոնակատար նշանակված Ասլան Ավետիսյանին եւ նրա որդուն՝ Նարեկ Ավետիսյանին: Գյանջիրով Հովհանյանի դուստրն օրեր առաջ NEWS.am-ի հետ զրույցում նշել էր՝ Փաշինյանը համայնքապետի պաշտոնակատար է նշանակել մի մարդու, ում տարիներ առաջ՝ որպես ընդդիմադիր պատգամավոր, մեղադրում էր աշխատողին ծեծելու եւ նվաստացնելու մեջ, որից հետո այդ աշխատակցին գտել էին ծառից կախված:

Ջերմուկ քաղաքում իշխանական կուսակցության համայնքապետի թեկնածուն «Ջերմուկ Գրուպ» ընկերության սեփականատեր Վահագն Արսենյանն է լինելու՝ նախորդ գումարումների ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Աշոտ Արսենյանի որդին: 2019թ. հուլիսին Վահագն Արսենյանին ավելի վաղ հարուցված քրեական գործի հատկանիշներով մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 327 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (զինվորական ծառայության զորակոչից խուսափում` փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով): Ամիսներ անց՝ նույն տարվա դեկտեմբերին, Արսենյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, վերջինիս ներգրավմամբ հարուցված քրեական գործը` կարճվել:

Աշտարակում, Նոր Հաճնում, Մարտունիում, Վարդենիսում, Վաղարշապատում, Արմավիրում եւ Նոյեմբերյանում համայնքապետի իշխանական թեկնածուներ կլինեն այս համայնքների գործող ղեկավարները, Եղեգնաձորում եւ Վայքում՝ համայնքապետի գործող պաշտոնակատարները: Վանաձորում՝ Լոռու ներկա մարզպետ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արամ Խաչատրյանը, Վեդիում՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի գործող ղեկավար, մինչ այդ՝ Արարատ մարզպետի պաշտոնը զբաղեցրած Գարիկ Սարգսյանը: