Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ժամը 07։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները Արաբկիր վարչական տարածքում շրջագայություն կատարելիս նկատել են, որ Կոմիտասի պողոտայի թիվ  23 հասցեում գործող «allcell.am» հեռախոսների և պլանշետների խանութ-սրահի ապակին կոտրված է, և 2 հոգի կասկածելի պարկերով փորձում են հեռանալ այդ վայրից։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարեկները, հետապնդելով նրանց, կարողացել են մեկին բռնել, իսկ մյուսը շենքերի արանքով դիմել է փախուստի։

Բռնվածը պարեկների կողմից տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին։  Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Արաբկիրի ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, Արաբկիրի ոստիկանություն գողության կասկածանքով տեղափոխվածի ինքնությունը և նրա հանցակցին հայտնաբերելու ուղղությամբ։