Քանի որ իսպանական Լա Պալմա կղզում Cumbre Vieja հրաբխի ժայթքումը մոտենում է 38-րդ օրվան, հարեւան կղզուց քաղաքական գործիչներից մեկն առաջարկել է դրա վրա ռումբեր գցել լավայի հոսքերը շեղելու համար, գրում է Newsweek-ը։ Այդ հոսքերը ավերածություններ են առաջացրել Լա Պալմա կղզում, որը գտնվում է Կանարյան կղզիների արշիպելագում՝ Աֆրիկայի հյուսիս-արեւմտյան ափի մոտ: Սեպտեմբերի 19-ին ժայթքման սկսվելուց ի վեր մոտ 7000 մարդ լքել է իրենց տները կղզու վրա:

Թեեւ կարող է թվալ, թե քիչ բան կարելի է անել բնության հզոր ուժը կանգնեցնելու համար, հարեւան Լա Գոմերա կղզու քաղաքային խորհրդի նախագահը լավայի հոսքերը շեղելու արմատական ​​լուծում է առաջարկել՝ ինքնաթիռներից ռումբերի նետում:

Radio Faycán-ի Կանարյան խմբագրությանը տված հարցազրույցում Կազիմիրո Կուրբելոն ասել է. «Բում! Եվ փոխել լավայի ուղղությունը։ Միգուցե խելագարություն է, բայց տեխնոլոգիական տեսանկյունից ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ պետք է փորձել»։

Թեեւ սա կարող է ֆանտաստիկ գաղափար թվալ, լավայի հոսքերը շեղելու համար պայթուցիկ նյութեր օգտագործելու գաղափարը զուրկ չէ նախադեպերից: Օրինակ՝ 1935 թվականին ԱՄՆ բանակը փորձեց ռմբակոծել լավայի հոսքերը, որոնք բխում էին Հավայան կղզիների Մաունա Լոա հրաբխից, երբ ժայթքումը սպառնում էր Հիլո քաղաքին. լավայի հոսքերը ռմբակոծությունից մոտ մեկ շաբաթ անց դադարեցին։

Սակայն մյուս օդաչուները եւ երկրաբանները թերահավատ էին պայթյունի ազդեցության հարցում, հայտնում է National Geographic-ը: Իրականում, հրաբխից լավայի արտադրության արագությունը պատահականորեն նվազել էր մոտավորապես հարվածների ժամանակ, ինչը բացատրում է, թե ինչու են հոսքերը կանգ առել:

Պայթուցիկ նյութերի օգտագործումը լավայի հոսքերը շեղելու համար օգտագործվել է նաեւ այլ դեպքերում աշխարհի այլ մասերում, օրինակ՝ իտալական Սիցիլիա կղզում Էթնա հրաբխի ժայթքման ժամանակ:

Երեքշաբթի Լա Պալմայի կղզու Կումբրե Վիեխա հրաբխի ներքին կոնը փլուզվել էր՝ ավելի շատ արտանետումներ առաջացնելով դրա հիմնական անցքից: Լավայի հոսքերը շարունակում են հոսել կղզուց դեպի արեւմուտք՝ դեպի Ատլանտյան օվկիանոս՝ որոշ հատվածներում հասնելով ջրին։

Սեյսմոլոգները նաեւ 4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ են գրանցել Լա Գոմերայում եւ Տեներիֆեում՝ մեկ այլ հարևան կղզում։

Լա Պալմայի տեղական կառավարության տվյալները վկայում են որ Կումբրե Վիեխա հրաբխի ժայթքումը ավելի քան 2000 շենք է ոչնչացրել, իսկ լավայի հոսքերը ներկայումս մոտ 900 հեկտար տարածք են  զբաղեցնում: