Չինաստանն ու Հայաստանն աշխատում են երկկողմ թռիչքների վերսկսման ուղղությամբ. Այս մասին հոկտեմբերի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յունը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանի եւ Չինաստանի միջեւ առանց վիզայի ռեժիմը կրկին սկսել է գործել այս տարվա հուլիսից։

«Չինաստանը խստացրել է երկիր մուտքի պայմանները բոլոր օտարերկրյա քաղաքացիների համար, եւ շատ խիստ հակահամաճարակային միջոցառումներ են գործում։ Համավարակը հարվածել է նաեւ ավիափոխադրողներին. շատ ավիաընկերություններ ֆինանսական եւ այլ դժվարություններ են ապրում: Այս առումով Հայաստանից Չինաստան թռիչքներն այժմ չեն իրականացվում։ Հուսով եմ, որ երկկողմ բանակցությունների արդյունքում, ամբողջ աշխարհում իրավիճակի բարելավման արդյունքում այս հարցը նույնպես կլուծվի։ Չինաստանն ու Հայաստանն արդեն աշխատում են այս ուղղությամբ, որպեսզի երկկողմ թռիչքները վերսկսվեն։ Սա բարենպաստ ազդեցություն կունենա երկկողմ հարաբերությունների զարգացման վրա»,- հավելել է դեսպանը։