Նիկոլ Փաշինյանն անընդհատ ստում է, ընկնում հիստերիայի մեջ, բնականաբար «Հայաստան» դաշինքը նրա հետ որևէ ֆորմատով քննարկելու որևէ հարց չունի։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

«Մենք իր հետ խոսելու բան չունեք, մի նպատակ ունենք․ այս իշխանությունը օր առաջ պետք է հեռացվի, որ եթե Ալիևը 15 անգամ է գնացել Արցախ, նոր իշխանությունը Արցախի մնացած տարածք 20 անգամ գնա, հույս ունենք, որ հասնեն Շուշիի, Հադրութի դեօկուպացիային»,-ասաց նա։

Անդրադառնալով դիտարկմանը, որ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Արծվիկ Մինասյանի հարցից ելնելով՝ Ռուբինյանն ասաց, որ սուրճից են խոսում, բայց կարծես խաշ է հասունանում, չէին բացառում, որ իշխանության հետ «խաշ ուտելու կգնան», Աղվան Վարդանյանն ասաց․ «Ինչ ասես, կարող են ասել, նույն մանիպուլյացիաները, որ անում է այդ մարդը դահլիճում, իր ամբողջ սվիտան բառացի կրկնելու է նրա թեզերը, փորձելու են սա բարդել «Հայաստան» դաշինքի վրա, դրա համար էլ երեկոյան դաշինքը հայտարարեց. «Բացառված է, քեզ հետ խոսելու բան չունենք, քեզ հեռացնելու ենք»։

Աղվան Վարդանյանը հիշեցրեց, որ երեկ Նիկոլ Փաշինյանը չպատասխանեց ուղիղ հարցին՝ ինչու չի գնում Արցախ, փոխարենը մանիպուլացրեց, ինչին արձագանքում էին դաշինքի պատգամավորները՝ ասելով, որ ստում է։

Պատգմավորը նաև հիշեցրեց, որ երեկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը տապալեց հակաադրբեջանական նախագծի ընդունումը. «Ադրբեջանը հիմա հրճվում է, ասում է՝ Նիկոլի թիմը տապալեց հակաադրբեջանական նախագիծը»:

Պատգամավորի կարծիքով՝ Փաշինյանը խուսափում է այցելել Արցախ, քանի որ վախենում է. «Վախն այնքան խորն է նստած այս մարդու մեջ, որ չի համարձակվում որևէ քայլ անել, որը կզայրացնի Ալիևին»։