Բրիտանահայ մարդասիրական խմբի անդամները Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին կոչ են արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ պահանջել անհապաղ եւ անվերապահ ազատ արձակել հայ գերիներին։ Ջոնսոնին ուղղված բաց նամակում նրանք նշել են.

«Մենք կոչ ենք անում վարչապետ Բորիս Ջոնսոնին եւ նրա կառավարությանը դիմել Մեծ Բրիտանիայի մերձավոր տնտեսական գործընկերոջը՝ Ադրբեջանի կառավարությանը՝ պահանջելու անհապաղ եւ անվերապահ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական պատանդներին, որոնք ապօրինաբար պահվում են Բաքվի բանտերում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների կողմից ստորագրված հրադադարի մասին եռակողմ համաձայնագրից մեկ տարի անց։

Հայ ժողովրդի եւ սփյուռքի համար այս հսկայական մարդասիրական ճգնաժամը սպառնում է խաղաղությանը եւ կայունությանն ամբողջ տարածաշրջանում եւ դրանից դուրս: Ադրբեջանը հրաժարվում է կատարել Համաձայնագրի 8-րդ հոդվածը եւ դեռ պահում է ավելի քան 200 ռազմագերու եւ քաղաքացիական անձի:

Մյուս կողմից, Հայաստանը, կատարելով վերոնշյալ համաձայնագրի պայմանները, պատշաճ կերպով վերադարձրել է բոլոր ադրբեջանցի ռազմագերիներին, այդ թվում՝ երկու մարդասպաններին, որոնք ազատազրկման էին դատապարտվել Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմից մի քանի տարի առաջ։ Մինչդեռ մինչ այսօր Ադրբեջանը վերադարձրել է ընդամենը 108 հայ պատանդի»:

Նշվում է, որ Ադրբեջանում տասնյակ հայ ռազմագերիներ, միջազգային նորմերի խախտմամբ, դատապարտվել են երկարաժամկետ ազատազրկման:

«58 դատավճիռ կայացվել է առանց միջազգային վերահսկողության եւ առանց դատավարության արդարությունը հաստատող միջազգային նորմերի պահպանման։

Ռազմագերիների մասին Ժնեւի երրորդ կոնվենցիայի համաձայն՝ բոլոր 58 դատապարտված հայ ռազմագերիները պետք է անհապաղ վերադարձվեն իրենց ընտանիքներին։

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի՝ 2021 թվականի սեպտեմբերի վերջին զեկույցը ազատ արձակված պատանդների ցնցող վկայություններ է պարունակում Ադրբեջանում պահվող էթնիկ հայերի նկատմամբ Բաքվի սիստեմատիկ անմարդկային վերաբերմունքի մասին։

Նրանցից մի քանիսը պատմել են որ իրենց մի քանի օր շղթաներով կապե են ռադիատորին կամ ջեռուցման ձողին եւ ստիպել են պառկել հատակին, իսկ մյուսներին մի քանի օր անընդմեջ պահել են ձեռնաշղթաներով նստած վիճակում։

Այս ցնցող վայրագությունները կատարվել են մի պարզ պատճառով՝ նրանց ազգային պատկանելության:

Քանի որ Ալիեւի ռեժիմի կողմից էթնիկ հայերի դեմ իրականացված ռազմական հանցագործությունները անպատիժ են մնում, ադրբեջանցի զինվորականներն ավելի են լկտիացել եւ շարունակում են պատանդներ վերցնել անգամ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից։ Վերջին դեպքը տեղի է ունեցել 2021 թվականի օգոստոսի 22-ին, երբ տեղի դիվիզիայի հրամանատար Արթուր Դավիդյանը (32 տարեկան) անհետ կորած էր հայտարարվել Սեւ լճի շրջանում։ Մենք նրա՝ գերությունից ազատվելու համար արշավ էինք իրականացնում Մեծ Բրիտանիայի Բեդֆորդշիր քաղաքում բնակվող նրա ընտանիքի անդամների հետ միասին:

Գլազգոյում Կլիմայի փոփոխության կոնֆերանսին (COP26) հրավիրված ղեկավարների մեջ է Ադրբեջանի նախագահ Ալիեւը, որի ստոր ռազմական հանցագործությունները չեն վիճարկվում Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից։

Ալիեւի քսանամյա ավտոկրատ կառավարումն Ադրբեջանում ասպարեզից հանել է երկրի ամբողջ ընդդիմությանը, ԶԼՄ-ները եւ մամուլը գտնվում են կոշտ գրաքննության տակ, նրա ընտանիքն ու կառավարող դասը միլիարդատերեր եւ նավթային մագնատներ են դարձել, որոնք, ինչպես հայտնի է, կաշառում են օտարերկրյա քաղաքական գործիչներին եւ պատգամավորներին առանց ամաչելու կամ տատանվելու։ Վերջերս հրապարակված «Պանդորայի դոսյեն» բացահայտեց կոռուպցիոն սկանդալի միայն գագաթը, որն Ալիեւների ընտանիքը կապում է Մեծ Բրիտանիայի հետ։

Մենք, որպես Բիտանիայի հայ համայնքի անդամներ եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, կոչ ենք անում վարչապետ Բորիս Ջոնսոնին ու նրա կառավարությանը քննարկել ռազմագերիների ճգնաժամը նախագահ Ալիեւի հետ Մեծ Բրիտանիա նրա այցելության ժամանակ, եւ պահանջել հետեւյալը.

- անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակել բոլոր ռազմագերիներին եւ քաղաքացիական գերիներին,

- արագ միջազգային կազմակերպություններին այցելության թույլտվություն տալ, ներառյալ՝ իրավաբաններին, դիտորդներին եւ դիվանագետներին, հայ բոլոր ռազմագերիներին՝ գնահատելու համար նրանց առողջությունը, պահվելու պայմանները եւ դատական ընթացակարգերը,

-  նշել հայ ռազմագերիների եւ գերեվարվածների ճշգրիտ թիվը՝ ողջ, թե սպանված կալանքի մեջ։

Մենք օգտվում ենք այս հնարավորությունից, որպեսզի ձեր ուշադրությանը ներկայացնենք մեր գլոբալ խնդրագիրը 35 000 ստորագրությամբ, որով պահանջում ենք ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին, խնդրագիրը հասցեագրված է այն անձանց, ովքեր որոշումներ են ընդունում Միավորված Ազգերի Կազմակերպությունում եւ Եվրոպայի խորհրդում, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին»։