Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացնում է «Հայահավաք» նախագիծը։

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ «Հայահավաք» նախագծի շրջանակում հայազգի հանրահայտ դիրիժորներն ու մենակատարները, որոնք դեռևս ստեղծագործական գործունեություն չեն ծավալել հայրենիքում, կհրավիրվեն Հայաստան՝ համագործակցելու ԿԵԱԿ երաժշտախմբերի հետ կամ անհատական ծրագրերով ներկայանալու հայ հանդիսատեսին։

Ծրագրի նպատակն է նոր թափ հաղորդել Հայաստանում մշակութային կյանքի զարգացմանն ու Հայաստան-Սփյուռք մշակութային կապին, մշակույթով միավորել հայությանը՝ անկախ զբաղմունքից, բնակության վայրից ու հասարակական դիրքից:

Նոյեմբերի 7-ին՝ ժամը 19:00-ին, Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) և դիրիժոր Միսաք Պաղպուտարյանի համերգով կտրվի ծրագրի մեկնարկը։ Որպես մենակատար՝ հանդես կգա ջութակահար Աստղիկ Վարդանյանը։ Ծրագրում կհնչեն Դանիել Երաժիշտի, Սուլհի Ալուատիի, Տիա Սուքարիի, Ֆելիքս Մենդելսոնի ստեղծագործություններից։ Համերգը նվիրված է սոցիալական աշխատողի օրվան, որը նշվում է նոյեմբերի 4-ին:

Միսաք Պաղպուտարյանը 2003 թվականից Սիրիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարն է։ Նրա ջանքերով նվագախումբը մեծ հաջողություններ է արձանագրել Սիրիայում և երկրի սահմաններից դուրս, տարբեր տարիների ձայնագրել է սկավառակներ։ 1996 թ.-ին սիրիական կառավարության կողմից արժանացել է կրթաթոշակի և մեկնել  Իտալիա՝ կատարելագործելու դիրիժորական հմտությունները։ Որպես դիրիժոր՝ ղեկավարել է Ալգերիայի ազգային սիմֆոնիկ, Դոմինիկյան Հանրապետության ազգային սիմֆոնիկ, «Kammerphilharmonie Grunbunden» և այլ նվագախմբեր։ 2015 թ․ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Սիրիայում իրականացրել է Կոմիտաս վարդապետին նվիրված ծրագիր։