Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի որոշմամբ սահմանվել են Հայաստանի Հանրապետությունում առկա համավարակային իրավիճակով պայմանավորված ուսումնական գործընթացի կազմակերպման ժամանակավոր կանոններ։ Դրանք ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

Ըստ այդմ.

1. 2021 թվականի հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը ներառյալ դադարեցնել Համալսարանի բարձրագույն կրթության ուսանողների ուսումնական գործընթացը՝ 2021-2022 ուստարվա առաջին կիսամյակը երկարաձգելով համապատասխանաբար 7 օրով:

2. 2021 թվականի նոյեմբերի 2-ից Համալսարանի բարձրագույն կրթության և ԵՊԲՀ քոլեջի ուսանողների ուսումնական գործընթացը կազմակերպել հետևյալ պայմաններով.

1-ից 3-րդ կուրսերում ՝

ա) 2021 թվականի նոյեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 12-ը ներառյալ ուսումնական գործընթացն իրականացնել առցանց՝ համաձայն Համալսարանի առցանց ձևաչափով ուսուցման կանոնակարգի՝ պահպանելով առկա ուսուցման դասացուցակում սահմանված ժամերը:

բ) 2021-2022 ուստարվա առաջին կիսամյակի ավարտը սահմանել 2021 թվականի դեկտեմբերի 30-ը:

գ) 2021-2022 ուստարվա առաջին կիսամյակի ստուգարքների, տարբերակված ստուգարքների, առարկայական տարբերությունների, առավելագույնը 12 կրեդիտ կազմող ակադեմիական պարտքերի հանձնման շրջանը տեղափոխել 2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ:

դ) 2021-2022 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանը կազմակերպել 2022 թվականի հունվարի 10-ից մինչև հունվարի 29-ը ներառյալ:

4-ից 6-րդ կուրսերում ՝

ա) Ցիկլային ձևաչափով ուսումնական գործընթացը վերսկսել 2021 թվականի նոյեմբերի 2-ից՝ 2021-2022 ուստարվա առաջին կիսամյակը երկարաձգելով համապատասխանաբար 7 օրով՝ կիսամյակն ավարտելով 2022 թվականի հունվարի 21-ին:

բ) Ցիկլային ձևաչափով ուսումնական գործընթացը 2021 թվականի նոյեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 12-ը ներառյալ իրականացնել՝ յուրաքանչյուր առարկայի ցիկլային ձևաչափով ուսումնական գործընթացի մինչև 30 տոկոսը տեղափոխելով դասավանդման առցանց համակարգի՝ համաձայն Համալսարանի առցանց ձևաչափով ուսուցման կանոնակարգի, պահպանելով առկա ուսուցման դասացուցակում սահմանված ժամերը:

3. Բոլոր կուրսերում դասավանդվող առարկաների ատեստավորման ձևը թողնել անփոփոխ:

4. Սիմուլյացիոն կենտրոնում 4-ից 6-րդ կուրսերում դասավանդվող առարկաների ուսումնական գործընթացը թողնել անփոփոխ՝ առկա ձևաչափով:

5. 2021 թվականի նոյեմբերի 15-ից նախատեսվող ուսումնական գործընթացի կազմակերպման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը կներկայացվի նախապես»։