Արթիկ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյանը դեկտեմբերի 5-ին նշանակված ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է համախոհների հետ ձեւավորած «Արթիկ» դաշինքով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մխիթար Վարագյանը։

«Ես հարգում եմ բոլոր կուսակցություններին, բայց ոչ մի կուսակցության հետ ընդհանրապես չեմ քննարկել իմ առաջադրման թեման, քանի որ մենք որոշել ենք միասնական «Արթիկ» դաշինքով մասնակցել ընտրություններին։ Շատ կուսակցություններից առաջարկություններ եղել են, բայց մենք որոշել ենք մասնակցել այն թիմով, որին ընտրել է ժողովուրդը։ Սա համապետական ընտրություն չէ, ՏԻՄ ընտրություն է, ժողովրդի ընտրությունն է։ Ժողովրդի պահանջով մենք գնում ենք «Արթիկ» դաշինքով։ Մեզ մոտ ամեն ինչ հստակ է, հենց հիմա գրանցման պրոցեսի մեջ ենք։ Դաշինքում իմ  համախոհներն են, որեւիցե կուսակցության հետ  համագործակցություն չկա»,- ասաց Մխիթար Վարագյանը՝ հավելելով, որ ինքն անկուսակցական է։

Մխիթար Վարագյանը Արթիկ համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր  2016թ․ հոկտեմբերին։ Նա այն ժամանակ ՀՀԿ անդամ էր, սակայն ինքնաառաջադրվել էր։ Արթիկ համայնքի ղեկավարը վստահ է իր ուժի հաղթանակի մեջ․ «Կարծում եմ՝ բոլոր թեկնածուներն էլ վստահ են իրենց հաղթանակի մեջ, ես առավել քան վստահ եմ։ Վստահությունը գալիս է եւ՛ իմ կատարած աշխատանքից, եւ՛ իմ թիմի կատարած աշխատանքից, եւ՛ իմ թիմի անդամներից, որոնք ընդգրկված են մեր ցուցակում»։

Մամուլի հրապարակումների համաձայն՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Արթիկում կանգ էր առել հենց Մխիթար Վարագյանի թեկնածության վրա։ Վարագյանն, ըստ էության, չհերքեց, որ առաջարկ է եղել գլխավորելու ցուցակը․«Բոլոր կուսակցություններից էլ առաջարկություն եղել է, բայց ես գնալու եմ իմ թիմով եւ ցանկություն չեմ ունեցել, որ ինձ որեւէ կուսկացություն առաջադրի։ Մենք մեր թիմն ունենք, որոնք հիմնականում ավագանու անդամներն են, նրանց ժողովուրդը ձայն է տվել։ Ես ՔՊ-ի հետ խոսել եմ, առաջարկ եղել է, բայց ընտրության թեմա ընդհանրապես չեմ քննարկել, քանի որ նախօրոք արդեն մենք որոշել ենք գնալ «Արթիկ» դաշինքով»։

Մեկ այլ հրապարակման համաձայն, Մխիթար Վարագյանը հրաժարվել է գլխավորել ՔՊ-ի ցուցակը, եւ առնչություն ունենալ Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ գերեվարված արթիկցի տղաները շարունակում են մնալ Ադրբեջանում։ Վարագյանին խնդրեցինք մեկնաբանել նաեւ այս տեղեկությունը, որին ի պատասխան նա ասաց․

«Չեմ անդրադառնում այդ տեղեկություններին, իհարկե, իմ քաղաքում գերեվարվածներ էլ կան, անհետ կորածներ էլ կան, բայց ասում եմ՝ տարբեր ստահոդ տեղեկություններ են տարածում, դուք ինձ կոնկրետ հարցեր տվեցիք,  որոնց ես հստակ պատասխանեցի»։

Նշենք, որ Արթիկում ՏԻՄ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 5-ին։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Պեմզաշեն համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանը։