Սոչիում Համագործակցության երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նիստի մասնակիցները վերլուծել են ԱՊՀ անդամ երկրների արտաքին սահմաններին տիրող իրավիճակը եւ դրա զարգացման միտումները: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կենտրոնաասիական ուղղությանը, ասել է ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայության տնօրենի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վլադիմիր Կուլիշովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Նիստի ընթացքում ամփոփվել են 2021 թվականի գործունեության արդյունքները, մեծ ուշադրություն է դարձվել դաշնակից պետությունների արտաքին սահմաններին զարգացող օպերատիվ իրավիճակի վերլուծությանը։ Առաջնահերթությունը տրվել է կենտրոնաասիական ուղղությանը, 2022 թվականին իրավիճակի զարգացման կանխատեսմանը, ինչպես նաեւ գնահատել են սահմանային անվտանգությանն ուղղված նոր մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնք կապված են Աֆղանստանից ուժերի դուրսբերման հետ: 

Կուլիշովն ընդգծել է, որ սա երկու տարվա ընթացքում առաջին դեմ առ դեմ հանդիպումն է, խորհուրդը՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխատում էր հեռավար, սակայն չի դադարեցրել իր գործունեությունը։ Այս ընթացքում արեւմտյան եւ կենտրոնաասիական ուղղություններով իրականացվել են սահմանային երկու հատուկ օպերացիա, Ռուսաստանի Դաշնության տարածքում անցկացվել են ամենամեծ հրամանատարաշտաբային զորավարժությունները՝ աֆղանական ուղղությամբ տիրող իրավիճակի կապված:

Նիստին մասնակցել են Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների ինը սահմանային գործակալությունների պատվիրակությունները, Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի համակարգող ծառայությունը, ԱՊՀ փոխգործակցող մարմինները, ինչպես նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունը։ Մասնակիցները քննարկել են նաեւ  համագործակցության զարգացումը գիտահետազոտական ​​եւ կրթական ոլորտներում։ Առանձին բլոկով քննարկվել են կադրային հարցեր ու վետերանների շարժման զարգացման հետ կապված հարցեր: