Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) համաշխարհային հանրությանը կոչ է արել 23,4 միլիարդ դոլար տրամադրել ACT-Accelerator միջազգային գործընկերության համար՝ աշխարհում COVID-19-ի ախտորոշման միջոցների եւ դեղամիջոցների հասանելիությունը ապահովելու նպատակով: Ինչպես հինգշաբթի օրը հայտնել են ԱՀԿ-ի ժնեւյան գրասենյակը, այդ գումարը զգալիորեն քիչ է այն «տրիլիոն դոլարների» կորուստներից, որոնք առաջանում են կորոնավիրուսի համավարակի հետեւանքով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

ACT-Accelerator գործընկերությունը «կարիք ունի 23,4 միլիարդ դոլար, որպեսզի օգնի համավարակի ժամանակ առավել ռիսկի ենթարկված երկրներին մինչեւ 2022 թվականի սեպտեմբեր միջոցներ ձեռք բերել COVID-19-ի դեմ պայքարի համար», պարզաբանել է շտաբը, ընդգծելով, որ «այս թիվը ոչինչ է տրիլիոն դոլարների համեմատ, որով չափվում են տնտեսական կորուստները համավարակի ժամանակ», ինչպես նաեւ երկրներում վերականգնմանն աջակցելու ծախսերի համեմատ։

ԱՀԿ-ի եւ նրա գործընկերների կողմից ուրվագծված ռազմավարական ծրագիրը նպատակ ունի ապահովել պատվաստանյութերի, բուժման, թեստերի եւ անձնական պաշտպանիչ սարքավորումների հասանելիությունը ամենաշատ կարիք ունեցող երկրներում: Կազմակերպությունը այս կապակցությամբ հիշեցրել է, որ մինչ օրս աշխարհում կիրառված բոլոր թեստերի միայն 0,4%-ն ու պատվաստանյութերի 0,5%-ն են հասել մեկ շնչին բաժին ընկնող ցածր եկամուտ ունեցող երկրներում, թեեւ այնտեղ ապրում է աշխարհի բնակչության 9%-ը։

Ինչպես հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեեսուսը, «համավարակին վերջ դնելու համար կառավարությունները, արտադրողները եւ դոնորները պետք է ամբողջությամբ ֆինանսավորեն ACT- Accelerator-ին»: Դա անհրաժեշտ է, ասել է նա, աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի, թեստերի եւ բուժման հասանելիության անհավասարությունը լուծելու համար: ԱՀԿ-ն կարծում է, որ ACT-Accelerator համագործակցության ներկայիս ռազմավարական ծրագիրը կօգնի «կանխել 5 միլիոն պոտենցիալ մահը», ինչպես նաեւ կօգնի վերականգնել համաշխարհային տնտեսությունը։

Միջազգային համագործակցությունը, որը կոչվում է «COVID-19-ի դեմ գործիքների հասանելիության արագացուցիչ» (ACT-Accelerator), պաշտոնապես մեկնարկել է 2020 թվականի ապրիլի 24-ին` ԱՀԿ-ի, Եվրամիության, Ֆրանսիայի եւ բարերարներ Բիլ եւ Մելինդա Գեյթսերի կողմից: Ինչպես բացատրել են ԱՀԿ-ում, սա COVID-19-ի կանխարգելման, ախտորոշման եւ բուժման անվտանգ ու արդյունավետ տեխնոլոգիաների մշակումը, արտադրությունն ու օգտագործումը արագացնելու գլոբալ գործընկերություն եւ համագործակցություն է»: