ԱՄՆ-ում Novant Health ընկերության աշխատակիցը, ով 2018 թվականին ազատվել է աշխատանքից, կարողացել է գործատուից 10 միլիոն դոլարի փոխհատուցում ստանալ։ Մարքեթինգի եւ հաղորդակցության գծով նախկին փոխնախագահ Դեյվիդ Դյուվալը հաղթել է դատարանում՝ ապացուցելով, որ իրեն աշխատանքից ազատել են իր սեռի եւ ռասայի պատճառով, ինչը չի համապատասխանում ընկերության «բազմազանության քաղաքականությանը», հայտնել է Lenta-ն՝ վկայակոչելով Business Insider-ին։

2013 թվականից Դյուվալն աշխատում էր Novant Health-ում՝ որպես մարքեթինգի եւ հաղորդակցության գծով փոխնախագահ, բայց 2018 թվականի հուլիսի 30-ին առանց բացատրության հեռացվեց աշխատանքից: Դրանից հետո գործատուն նրան փոխարինելու համար սեւամորթ կնոջ է գործի ընդունել։ Դյուվալը կարծում է, որ իրեն հեռացրել են ընկերության ղեկավարության մեջ գենդերային եւ ռասայական բազմազանության մակարդակը բարձրացնելու նպատակով եւ դատական ​​հայց է ներկայացրել։

Հյուսիսային Կարոլինայի դատարանը, նախկին փոխնախագահի գործը վերանայելուց հետո եզրակացրել է, որ սպիտակամորթ տղամարդն իսկապես Novant Health-ի՝ ներառական լինելու ձգտման զոհն է դարձել: «Դյուվալի ռասան եւ սեռը որոշիչ գործոններն էին նրա հեռացման հարցում», - եզրակացրել են երդվյալ ատենակալները, եւ դատարանը վճռել է փոխհատուցում տրամադրել:

Ընկերությունը համաձայն չէ դատարանի որոշման հետ։ Դրա ներկայացուցիչները կարծում են, որ Դյուվալը աշխատանքից հեռացվել է աշխատավայրում իր անարդյունավետության պատճառով, այլ ոչ սեռի կամ ռասայական խտրականության, եւ պատրաստվում են բողոքարկել։