ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները պարզել են, թե Համաշխարհային ժառանգության պահպանվող օբյեկտներից որոնք են մոլորակը ոչնչացնող ջերմոցային գազերի արտանետումների ամենամեծ մեղավորները։ Գլոբալ տաքացման գործում ամենամեծ ներդրումն ունեն տասը անտառներ, որոնք վերջին 20 տարիների ընթացքում շրջակա միջավայրից գործնականում չեն կլանել CO2, այլ միայն արտադրել են այն, գրել է Բնության պահպանության միջազգային միությունը (ԲՊՄՄ)՝ հղում անելով ՄԱԿ-ի կրթության, գիտության եւ մշակույթի գործակալությանը։ 

Անտառների ցանկում, որոնք 2001-2020 թվականներին վերածվել են բացառապես ածխաթթու գազի աղբյուրների եւ դադարել են այն կլանել օդից, ներառվել են Սումատրայի արեւադարձային անտառը (Ինդոնեզիա), Ռիո Պլատանո կենսոլորտային արգելոցը (Հոնդուրաս), Յոսեմիթե ազգային պարկը (ԱՄՆ), Խաղաղության միջազգային պարկը (Կանադա), Բարբերտոն Մահոնջվա լեռները (Հարավային Աֆրիկա), Կինաբալու պարկը (Մալայզիա), Ուվս - Նուրը ( Ռուսաստան, Մոնղոլիա), Գրանդ Կանյոն ազգային պարկը (ԱՄՆ), Մեծ Կապույտ լեռների շրջանը (Ավստրալիա) եւ Մորնե Տրոիս-Պիտոն ազգային պարկը (Դոմինիկա):

Նշվել է, որ այս անհավասարակշռության պատճառը անտառների համար վնասակար մարդկային գործունեությունն է՝ ներառյալ զանգվածային ապօրինի անտառահատումները, գյուղատնտեսական գործունեության համար ծառերի ոչնչացումը: Մասնագետները անտառային հրդեհների աճող մասշտաբներն ու ինտենսիվությունը կապում են երաշտի ծանր ժամանակաշրջանների հետ, որոնք որոշ դեպքերում գերակշռող գործոն են: Այս ամենը, ինչպես նաեւ ծայրահեղ եղանակային պայմաններն ազդում են անտառների՝ օդից CO2 կլանելու ունակության վրա:

«Բոլոր անտառները պետք է ակտիվ լինեն կլիմայի փոփոխության դեմ պայքարում։ Հետազոտության եզրակացությունն այն է, որ նույնիսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամենահայտնի եւ ամենապաշտպանված անտառներից մի քանիսը կարող են իսկապես նպաստել գլոբալ տաքացմանը` մտահոգություններ առաջացնելով կլիմայական արտակարգ իրավիճակների վերաբերյալ», - ասել է զեկույցի համահեղինակ Թեյլես Կարվալյու Ռեզենդեն: