Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ գյուղի բնակիչներից մեկի երեք ձի ադրբեջանական կողմն են անցել. երկուսը հետ են եկել, մեկը դեռ հակառակորդի մոտ է գտնվում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Խնածախի վարչական ներկայացուցիչ Անուշավան Հովակիմյանը:

«Առավոտյան երեք ձի են տարել, որոնցից երկուսը փախել, հետ են եկել: Երեւի մի ձին կապել են, մյուս երկուսը փախել, եկել են մեր պոստի մոտ, մեր դիրքապահն էլ զանգել է ինձ, ասել, որ հովիվին ասենք՝ գնա, տանի ձիերին»,- հայտնեց Հովակիմյանը:

Նրա փոխանցմամբ՝ խնդրի մասին հայտնել են թե՛ հայ եւ թե՛ ռուս սահմանապահներին, մյուս ձին վերադարձնելու հարցով զբաղվում են:

«Անասունները բաց թողած վիճակում են գնում ու հայտնբում ադրբեջանական կողմում: Հեռագնա արոտներ ունենք, բայց այդտեղ ձյուն է արդեն նստել, չենք կարող տանել, դրա համար գյուղ ենք իջել, իսկ գյուղի արոտավայրերը շատ քիչ են: Ուղղակի մինչեւ պատերազմը մեր գյուղի անասուններն այն արոտներում են բաց թողնվել, որոնք հիմա ադրբեջանցիների մոտ են, անասուններն են ազատ արձակված լինելիս գնում են այդ կողմ»,- նշեց Հովակիմյանը:

Նախորդ ամիսներին էլի են նման դեպքեր եղել, հաջողվել է հակառակորդի կողմ անցած անասունները վերադարձնել: