«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի նախկին քարտուղար Վահան Կոստանյանը, որն այժմ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խորհրդականի պաշտոնն է զբաղեցնում, ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից: Այս մասին խորհրդարանում հոկտեմբերի 28-ին, դիմելով ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին, հայտնել է «Հայաստան» խմբակցությա պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ընթերցելով ՊՆ-ին ուղղված իր գրության պատասխանը:

«Երեք տարի գիտությամբ չզբաղվելուց հետո մայիսին դիմումով դուրս է գրվել ասպիրանտուրայից: Ես նախարարությանը հարց էի ուղղել, թե արդյոք այս տարվա ամառային զորակոչին Կոստանյանը զորակոչվել է Զինված ուժեր, որովհետև հիմա արդեն աշխատում է որպես ԱԳ նախարարի խորհրդական, ՊՆ-ից տեղեկացրել են, որ նա ազատվել է զինծառայությունից օրենքով սահմանված հիմքով: Մանրամասները չգիտեմ` ինչ պատճառով, բայց Վահան Կոստանյանն ազատվել է զինծառայությունից»,- նշեց պատգամավորը

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից մեկն արձագանքեց, թե Կոստանյանը հիվանդության հիմքով է ազատվել զինծառայությունից, փոխնախարար Սարգսյանն էլ ասաց, որ Մանուկյանին ՊՆ-ից ուղարկված պատասխանում հղում է արվել համապատասխան իրավական ակտերին՝ այդ թվում «Տեղեկատվության ազատության մասին» եւ «Անձնական տվյալների պաշտպանության» մասին օրենքներին:

«Այն հիմքերը, որոնցով նա ազատվել է զինծառայությունից, գիտի ինքն ու այդ որոշումն ընդունած մարմինը: Որքանով տեղյակ եմ՝ իր թույլտվության դեպքում, եթե Դուք դիմեք՝ որպես երրորդ անձ, կարող եք ծանոթանալ ազատման հիմքերին, եթե ցանկանաք»,- նշեց փոխնախարարը:

Կոստանյանն առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի պաշտոնից 2018-ին սեփական դիմումի համաձայն ազատվել էր՝ գիտությամբ զբաղվելու համար մասնագիտական հանձնաժողով դիմելու եւ ակադեմիական տարկետում ստանալու նպատակով, կառավարությունն էլ հուլիսի 19-ին 42 քաղաքացու, այդ թվում՝ Վահան Կոստանյանին, տարկետման իրավունք էր տվել: Օգոստոսի 14-ին նշանակվել էր իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ, այնուհետև Արարատ Միրզոյանի` ԱԺ նախագահ նշանակվելուց հետո նախ նրա օգնական, ապա` խորհրդական: